Ունենք համաձայնություն՝ համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը. Միրզոյանը վերահաստատել է ՀՀ-ի՝ խաղաղության ձգտումը


Ունենք համաձայնություն՝ համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը. Միրզոյանը վերահաստատել է ՀՀ-ի՝ խաղաղության ձգտումը

  • 15-02-2023 13:59:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ինչպես տեղեկացրել ենք, Թուրքիայում ավարտվել է Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլութ Չաբուշօղլուի առանձին հանդիպումը:
 
Հանդիպումից հետո 2 երկրների ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով,որի ընթացքում  ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ՀՀ պատրաստակամությունը և ձգտումը:
 
«Այս դժվար պահին ցանկանում եմ վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու և, մասնավորապես, Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման, Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացման հարցում մեր պատրաստակամությունը և ձգտումը։
 
Այսօր մենք քննարկել ենք այս գործընթացին վերաբերող որոշակի դետալներ, ունենք համաձայնություն համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաև հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին՝ սահմանի ամբողջական բացման նախանշումով», - ասել է Միրզոյանը։
 
Հիշեցնենք՝  Չավուշօղլուն Արարատ Միրզոյանի այցն Անկարա նշանակալի իրադարձություն է որակել և հույս հայտնել, որ այն խթան կհանդիսանա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար: Նա նշել է, որ այդ կարգավորումը նպաստավոր իրավիճակ կստեղծի տարածաշրջանում:
 
Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո Արարատ Միրզոյանը կմեկնի ավերիչ երկրաշարժից տուժած Ադըյաման քաղաք, այնտեղ կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցող հայ փրկարարների հետ:
 
Հիշեցնենք՝ սա Միրզոյանի երկրորդ այցն է Թուրքիա, ավելի վաղ նա Անթալիայում մասնակցել էր դիվանագիտական ֆորումի և փակ բանակցություններ վարել թուրք գործընկերոջ հետ։
 
Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, երկու երկրների սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։
 
Երկրների միջև բարդ հարաբերությունների պատճառ են մի շարք հանգամանքներ, որոնք կապված են, մասնավորապես, Արցախի հարցում ադրբեջանական դիրքորոշման, Անկարայի աջակցության և 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին Թուրքիայի կտրուկ արձագանքի հետ։
 
2022 թվականի հունվարին Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների՝ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը։ Բանակցությունների ընթացքում կողմերը ցույց են տվել իրենց պատրաստակամությունը երկխոսություն վարելու կառուցողական, ոչ քաղաքականացված ձևով։ Եվս երեք հանդիպում կայացել է Վիեննայում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play