Պակիստանում պայթյունի զոհերից թիվը հասել է 33 մարդու
06-02-2009 18:56:00 | | Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ճշտված
տեղեկություններով, Պակիստանի Դերա-Ղազի-Խան քաղաքի շիա
մահմեդականներին պատկանող մզկիթի մոտ հինգշաբթի տեղի ունեցած
պայթյունի զոհ է դարձել 33 մարդ, եւս 52-ը վիրավորվել է, հայտնել է
տեղի ոստիկանության ներկայացուցիչ Մաքսուդալա Հասանը:
Ավելի վաղ հաղորդվել էր 21 զոհերի եւ 40 վիրավորների մասին:
13 տուժածների վիճակը ճգնաժամային է մնում:
Ստացված տեղեկատվության համաձայն, մահապարտ ահաբեկիչը մզկիթի
մոտ իրեն պայթեցրել է մինչեւ կրոնական հավաքի սկսվելը:
Ոստիկանության տվյալներով, ահաբեկչի հագին մահապարտի բաճկոն է
եղել, որի մեջ առնվազն 12 կգ պայթուցիկ է գտնվել: