ՊԵԿԻՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Չինաստանի առողջապահության
ոլորտի մասնագետները նախազգուշացնում են, որ առաջիկա ամիսներին
երկրում կարող են հաճախակի դառնալ թռչնագրիպով մարդկանց վարակման
դեպքերը:
Բժիշկների մտավախության պատճառ է դարձել 16-ամյա պատանու մահը
երկրի կենտրոնական Խունան նահանգում: Ընդամենը տարեսկզբից
Չինաստանում թռչնագրիպի վիրուսից երեք մարդ է մահացել: Հաստատվել
է, որ հիվանդության զոհերից մեկը` 19-ամյա մի աղջիկը Պեկինում
մահացել է բադերի հետ շփումից հետո:
Հաղորդվում է նաեւ մի նորածնի մասին, որը օրհասական վիճակում
էր գտնվում, սակայն բժիշկներին հաջողվել է հաղթել վիրուսին, եւ
այժմ երեխայի կյանքին ոչինչ չի սպառնում: Մինչդեռ փոքրիկի մայրը
վախճանվել է: Մահվան պաշտոնական պատճառը առայժմ չի նշվում, ըստ
բժիշկների, բոլոր ախտանշանները ցույց են տալիս, որ կինը մահացել է
թռչնագրիպից:
Չինաստանի գյուղատնտեսության նախարարությունը հաղորդում է, որ
թռչնագրիպի նշաններ են հայտնաբերվել երկրի մի քանի նահանգների
բնակիչների մոտ, այդ թվում Շանհայում եւ Խունանում: