Թմրանյութ վաճառողները թող իմանան՝ ոստիկանները մեծ պարգև են ստանալու հայտնաբերելու դեպքում. Սարգսյանը՝ իր առաջարկի մասին


Թմրանյութ վաճառողները թող իմանան՝ ոստիկանները մեծ պարգև են ստանալու հայտնաբերելու դեպքում. Սարգսյանը՝ իր առաջարկի մասին

  • 15-06-2023 13:14:04   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ․ Հայաստանում լրջագույն խնդիր ունենք, դրա մասին խոսել է նաև ՀՀ վարչապետը, ամբողջ աշխարհում կա այդ խնդիրը՝ պայքար ապօրինի թմրաշրջանառության դեմ: 
 
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ նշելով, որ ցանկացած հանցագործության դեմ պայքարելու համար կա երկու սկզբունք. «Առաջինը պատժի խստությունն է: Հաջորդ սկզբունքը պատժի անխուսափելիությունն է, որը բերում է հանցագործության թվի նվազման»: 
 
Անդրադառնալով թմրանյութերի բացահայտման համար ոստիկաններին պարգևավճար տալու իր առաջարկին՝ պատգամավորը նկատեց. «Իմ առաջարկության իմաստն այն է, որ այն հանցագործները, ովքեր վաճառում են թմրանյութ, թող իմանան, որ ոստիկանները մեծ պարգև են ստանալու հայտնաբերելու դեպքում։ Դրանով մեկ անգամ ևս մտածեն թմրանյութեր վաճառելուց առաջ: Դրանից, ինչու չէ, նաև կոգևորվեն մեր ոստիկանները, կունենան լրացուցիչ ֆինանսական միջոցներ, որոնք կօգտագործեն թմրանյութ վաճառողներին հայտնաբերելու համար, օրինակ՝ կլիցքավորեն մեքենաները, կայցելեն կասկածելի զվարճանքի ու այլ վայրեր»: 
 
Եթե լինի մեծ պարգևատրման ֆոնդ, ըստ Սարգսյանի, մարդիկ պատրաստ կլինեն երեկոյան տուն գնալուց հետո նույնպես աշխատանք տանել և թմրանյութ վաճառողների ձերբակալեն, դրանով նրանց թիվը կպակասի հասարակությունում:
 
«Նաև բազմաթիվ այլ հանցագործություններ են տեղի ունենում՝ սպանություններ, դանակահարություններ, գողություններ, վթարներ, որոնք թմրանյութերի ազդեցությունների ներքո են, այսինքն՝ թմրանյութ վաճառելը իր հետ բերում է նաև այլ հանցագործությունների աճ»,- նշեց նա:
 
Լրագրողները Հայկ Սարգսյանից հետաքրքրվեցին՝ իրենց թիմի անդամ Էդուարդ Աղաջանյանի այն հայտարարությունը, որ միջին վիճակագրական բոլոր խնջույքների ժամանակ թմրանյութ են օգտագործում, արդյոք փորձե՞լ է նրանից հետաքրքրվել՝ դա հանցագործության մասին հաղորդում էր, Սարգսյանի այցելած խնջույքների ժամանակ նույնպե՞ս շրջանառվում է թմրանյութ։ 
 
«Ես չեմ օգտագործում, իմ մասնակցած խնջույքների ժամանակ, բարեբախտաբար, չի լինում թմրանյութ։ Ես չեմ ուզում հիմա մեկնաբանել իմ գործընկերոջ ասածը, ինքն այլ կոնտեքստում է դա ասել։ Ըստ իս՝ ՀՀ-ում կա թմրանյութ, և դա վաճառվում է «Տելեգրամ» ալիքներով ու համացանցով, այլ հարթակներում, ինչի դեմ պայքարելը շատ բարդ է»,- ընդգծեց օրենսդիր մարմնի ներկայացուցիչը:
 
Պատգամավորը նկատեց՝ չնայած այն հանգամանքին, որ ոստիկանության ձեռնարկած միջոցները տալիս են որոշակի արդյունք, միևնույն է, թմրամիջոցների վաճառքը և շրջանառությունը գնալով աճում է։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play