Ալիևը փակ հանդիպման ժամանակ ընդունել է ՀՀ տարածքային ամբողջականությունը. Ալեն Սիմոնյան


Ալիևը փակ հանդիպման ժամանակ ընդունել է ՀՀ տարածքային ամբողջականությունը. Ալեն Սիմոնյան

  • 26-06-2023 14:21:30   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փակ հանդիպման ժամանակ նույնպես ընդունել է ՀՀ տարածքային ամբողջականությունը` թվային ձևակերպումով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
 
ՀՀ ԱԺ խոսնակը շեշտում է, որ չնայած Ադրբեջանի նման հայտարարությանը` հայկական կողմը մտահոգություններ դեռ ունի։
«Մինչև թուղթը չլինի, մինչև երաշխավորը չլինի, անընդհատ մտահոգիչ բան լինելու է»,– ասաց նա։
 
Իսկ ինչո՞ւ Հայաստանը շտապեց ու բացեիբաց հայտարարեց տարածքային ամբողջականությունը ընդունելու մասին հարցին` Ալեն Սիմոնյանը հարցով պատասխանեց. «Իսկ մենք մերը չասեի՞նք, չասեի՞նք, որ էտ տարածքի մեջ մերը դա է»,– ասաց նա։
 
Ըստ Ալեն Սիմոնյանի՝ պետք է տարբերել պետությունն ու հայրենիքը։ Նա պնդում է, որ Ղարսը իր հայրենիքն է, քանի որ տատն այնտեղից է, բայց այսօր ՀՀ–ն դա 29 հազար 800 քառակուսի կիլոմետրն է, որով ՀՀ բնակչությունն անկախացել է Սովետական Միության փլուզման ժամանակ։
 
«Պետք է հասկանանք՝ Հայաստանը վերացական ամորֆ բա՞ն է, թե՞ սահմաններ ունեցող պետություն է»,– հայտարարեց նա։ ԱԺ խոսնակը համոզված է` մինչև մեր պատրանքները մեր մեջ չկոտրենք, մեր թշնամիները կշարունակեն օգտվել դրանից։
 
Հիշեցնենք՝ մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում` Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց` Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը