Ալեքսանյանը զենքի գնման վերաբերյալ թվեր հրապարակեց, ըստ որի՝ պարզ է դառնում՝ ով է հայրենավաճառությամբ զբաղվել. տեսանյութ


Ալեքսանյանը զենքի գնման վերաբերյալ թվեր հրապարակեց, ըստ որի՝ պարզ է դառնում՝ ով է հայրենավաճառությամբ զբաղվել. տեսանյութ

  • 26-06-2023 15:47:43   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



 
Հայկական ժամանակ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այսօր Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ անդրադարձավ նրան, թե ինչո՞ւ խորհրդարանական ընդդիմությունը չի ցանկանում մասնակցել 44-օրյա պատերազմի մանրամասները քննող քննիչ հանձնաժողովի նիստին։
 
«Սա առաջին անգամը չէ, որ ընդդիմությունն իր կողմից Սահմանադրության մեջ ամրագրած ու դրա առաջամարտիկը լինելով հանդերձ՝ նոր թեզեր է առաջ քաշում, դրա վառ օրինակը հանդիսանում է ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքները բոյկոտելը կամ այդ աշխատանքներից ընդդիմության գլխապատառ փախուստը։ Դաշնակցականները և հանրապետականը չէին ցանկանում լսել, որ, օրինակ, 2008-2018 թվականներին ՀՀ-ն գնել է ընդամենը 345 միլիարդ դրամի զենք։ Դա 1 միլիարդ դոլարից էլ քիչ է։ 2018-2020 թվականները ընկած հատվածում ՀՀ-ն գնել է 609 միլիարդ դրամի զենք, այսինքն՝ 3 տարում 10 տարվա գնածի կրկնապատիկը։ Սա հայրենավաճառության մասին փաստական ապացույց է, և բնական է, որ ընդդիմությունը պետք է հրաժարվեր քննիչ հանձնաժողվին մասնակցելուց»,- ասաց նա:
 
Ալեքսանյանի խոսքով՝ հասկանում է, թե որտեղից են գալիս ընդդիմության սեփական վստահելիության ու հավանության ռեյտինգի մասին պատկերացումները, բայց խնդրում է դա չպրոյեկտել իրենց քաղաքական ուժի վրա. «Ամեն դեպքում, եթե հակադարձումներ ունեք, եկեք հանձնաժողով և տվեք։ Չկա մի բան, որ դուք արտաբերեք որպես մեղադրանք, և դա չունենա հստակ պատասխան, դրա պատճառով դուք գլխապտույտ փախուստի մեջ եք քննիչ հանձնաժողովի աշխատանքներից»:
 
Այնուհետև Ալեքսանյանը հռետորական հարց ուղղեց ընդդիմությանը․ «Այսօր նիստից 15 րոպե ուշ եկաք, բան կա՞ր նիստից առաջ, որին փորձեցիք չմիանալ»։
 
Հիշեցնենք՝ ԱԺ-ն այսօրվա նիստից առաջ մեկ րոպե լռությամբ հարգել էր Վիգեն Խաչատրյանի հիշատակը, որին ներկա չէին եղել ընդդիմադիր պատգամավորները։ Նրանք ներս էին մտել դահլիճ նիստը սկսվելուց 15 րոպե հետո։ 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը