Ադրբեջանի կողմից առևանգված քաղաքացու հարազատները մինչև հիմա նրա հետ կապ չեն հաստատել. դուստրը մանրամասնում է


Ադրբեջանի կողմից առևանգված քաղաքացու հարազատները մինչև հիմա նրա հետ կապ չեն հաստատել. դուստրը մանրամասնում է

  • 31-07-2023 14:39:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



 
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից բուժման նպատակով Հայաստան տեղափոխելու ճանապարհին Ադրբեջանի կողմից առևանգված 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի հարազատները նրա հետ կապ չեն կարողացել հաստատել, տեղեկություն չունեն նրա մասին:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը, ով Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց է՝ հորն ադրբեջանական գերությունից հետ բերելու խնդրանքով:
 
Վերա Խաչատրյանը Քաշաթաղի շրջանից է, տեղահանված է, վերջին 3 տարիներին բնակվում է Ջերմուկում: «Հակարիի կամրջից այս կողմ ես միայնակ եմ: Քույրերս, եղբայրներս, մայրս, բոլոր հարազատներս գտնվում են Արցախում: Խնդրում եմ ինձ միայնակ չթողնել, սիրելի հայրենակիցներ: Սա միայն իմ ցավը չէ, Վագիֆ Խաչատրյանն ամբողջ հայ ժողովրդի կերպարն է, Արցախն ու Հայաստանն է Ադրբեջանում»,-ասաց դուստրը:
 
Վերա Խաչատրյանը պատմեց՝ հայրը հուլիսի 29-ին պետք է տեղափոխվեր Երևան սրտի վիրահատության համար, վիրահատությունն անհրաժեշտ էր շտապ:
 
«Նրան ուղեկցելիս է եղել քույրս: Հակարիի կամրջի անցակետում բոլորի անձնագրերը նայում են: Երբ վերցրել են հորս անձնագիրը, այլևս հետ չեն տվել, ասել են, որ պետք է գնա սենյակ, բժիշկը պետք է հետազոտի, հետո ասել են, որ պետք է 10 րոպեով ուրիշ տեղ գնա: Երբ քույրս խնդրել է, որ չտանեն հայրիկին, երբ ԿԽՄԿ-ի աշխատակիցներից մեկը դիմադրել է, որ չտանեն հորս, իրենց ներկայությամբ հարցաքննեն, ասել են, որ ուժ կգործադրեն, եթե շարունակեն: Եվ այդպես, հայրիկիս նստեցնելով մեքենայի մեջ, տարել են անհայտ ուղղությամբ: Հայրիկիս փաստացի առևանգել են»,-պատմեց Վերա Խաչատրյանը:
 
Նա նշեց՝ ոչ ինքը, ոչ հարազատներից որևէ մեկը կապ չի կարողացել հաստատել իր հոր հետ, մինչև հիմա ոչ մի տեղեկություն չունեն: ԿԽՄԿ-ից առաջին օրը զանգահարել են Վերայի քույրիկին, ասել, որ տեսել են հորը, Բաքվի հիվանդանոցներից մեկում է:
 
«Իսկ ես ուզո՞ւմ եմ, որ հայրս լինի Բաքվի հիվանդանոցներից մեկում: Ես նրան իր հայրենիք էի բերում բուժելու՝ այն հույսով, որ տեղ կհասնի, ողջ-առողջ հետ կգնա իր տուն»,-ասաց դուստրը:
 
Վերա Խաչատրյանը նաև ընդգծեց՝ Ադրբեջանը կեղծ մեղադրանքներ է առաջադրել իր հորը՝ ներկայացնելով իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։  
 
«Վերջերս էլ ասում էին, թե հայրս Սամվել Բաբայանի վարորդն է եղել. Դա կեղծ լուր է: Այն, ինչ ներկայացրել է Ադրբեջանի ղեկավարությունը, դատախազությունը, կեղծ է»,-ասաց նա:
 
Առևանգված քաղաքացու դուստրը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց խնդրանքով է՝ տեղեկություն բերել, ինչ-որ կերպ օգնել:
 
«Չէ՞ որ այս կազմակերպությունն ամբողջ աշխարհում իր լծակներն ունի: Ոչ միայն ՄԱԿ-ի գրասենյակից, այլ առհասարակ բոլորից պահանջ ունեմ՝ վերադարձնել հայրիկիս: Ամեն մեկն իր լծակները թող կիրառի ու հայրիկիս վերադարձնի: Ինչպես բերել, հանձնել են ադրբեջանցիներին, այնպես էլ թող վերադարձնեն: Իմ հայրը հանցագործ չէ, իր կյանքն ապրել է արժանապատիվ, ոչ ոք իրավասու չէ նրան հանցագործ անվանել»,-ասաց Խաչատրյանը:
 
Վագիֆ Խաչատրյանի դուստրը հայրենակիցներին խնդրում է օգնել հորը վերադարձնելու հարցում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play