Նախադպրոցական կրթության համակարգը լայնածավալ բարեփոխումների<br /> կարիք ունի, նշում է կրթության նախարարը<br />


Նախադպրոցական կրթության համակարգը լայնածավալ բարեփոխումների
կարիք ունի, նշում է կրթության նախարարը

  • 23-12-2008 20:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը դեկտեմբերի 23-ին կայացած տարեվերջյան ասուլիսում անդրադառնալով նախադպրոցական կրթությանը նշեց, որ այդ ոլորտում անելիքները բավական շատ են, քանի որ այն լայնածավալ բարեփոխումների կարիք ունի: Նա հայտնեց, որ այս տարի կառավարությունն ընդունել է «ՀՀ նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015թթ. ռազմավարական ծրագիրը», որն ուղղված է նախադպրոցական կրթության մատչելիությանը եւ որակի ապահովմանը: Մեծ ուշադրություն է դարձվել հատկապես անապահով ընտանիքների երեխաներին հաստատություններում ընդգրկելու խնդրին: Նախարարի տեղեկացմամբ, այս ծրագրի հիման վրա մեկնարկել է փորձնական ծրագիր Լոռու եւ Շիրակի մարզերի 22 հաստատությունում, որի ներկայիս փուլում ընդգրկված է 540 երեխա: Եվս 200 երեխայի ընդգրկմամբ նախադպրոցական կրթության եռամսյա ուսուցման մոդելի այս ծրագիրն իրականացվել է նաեւ Սյունիքի մարզի 8 հաստատությունում: Նախադպրոցական հաստատություններում բարեփոխումների իրականացման համար ԿԳ նախարարությանն օժանդակել են նաեւ տեղական իշխանությունները, քանի որ, ըստ նախարարի, այստեղ ոչ միայն կրթական ու դաստիարակչական, այլեւ սոցիալական բաղադրիչ կա: «Հաջորդ տարի նախատեսում ենք նախադպրոցական կրթական համակարգի բարեփոխման համար միջոցներ տրամադրել ոչ միայն պետական բյուջեից, այլեւ ֆինանսավորման հարցով ներգրավել այլ շահագրգիռ կազմակերպությունների, որ միասնական, համատեղ աշխատանքով գոնե կարողանանք լուծել ոլորտի ամենահրատապ խնդիրները»,- ավելացրեց ԿԳ նախարարը:
Նոյյան տապան  -   Հասարակություն