«Մենք ենք մեր սարերը» գործակալությունը շուրջ 200 տոննա չոր սնունդ կտրամադրի Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին հատկացնելու նպատակով


«Մենք ենք մեր սարերը» գործակալությունը շուրջ 200 տոննա չոր սնունդ կտրամադրի Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին հատկացնելու նպատակով

  • 20-10-2023 11:06:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը շուրջ 200 տոննա բարձր սննդային արժեք ունեցող չոր սնունդ կտրամադրի Արցախից բռնի տեղահանված 5000 ընտանիքների: Ըստ հաշվարկների՝ այն կարող է բավարարել չորս հոգանոց ընտանիքի 20-օրյա սննդի պահանջարկը:
 
Սննդի բաշխումը կիրականացվի պետական կառույցների և բարեգործական կազմակերպությունների հետ համագործակցությամբ, որոնք ներգրավված են բռնի տեղահանվածներին մարդասիրական աջակցություն ցուցաբերման գործում: 
 
«Այս փուլում, երբ արցախցիները հրատապ կարիքներ ունեն, մենք պատրաստ ենք օգնություն ցուցաբերել՝ սկսած առօրյա կարիքներից։ Չոր սննդամթերքը, ինչպիսին են մակարոնեղենը, ալյուրի տարբեր տեսակները և բարձրորակ կաթի փոշին, հասանելի կլինեն թիրախային բաշխման համար»,- նշում է գործակալության արցախյան նախագծերի ղեկավար Գրիգորի Մարտիրոսյանը։
 
Շուրջ 600,000 ԱՄՆ դոլար արժողությամբ սննդամթերքը հնարավոր է եղել ձեռքբերել «Մենք ենք մեր սարերը» գործակալության նվիրատուների և Ռուբեն Վարդանյանի ընտանիքի աջակցությամբ: «Մեր գործընկերների և աջակիցների հետ միասին ուրախ ենք օգնել արցախցի տեղահանված ընտանիքներին: Մենք հասկանում ենք, որ երկարաժամկետ, համակարգային և համաձայնեցված մոտեցում է պահանջվում այս չափազանց դժվարին պայմաններում արցախցիների համար կեցության արժանապատիվ հնարավորություններ ապահովելու համար: Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որ մասնակից լինենք այդ ջանքերին, և ես գիտեմ, որ Ռուբենը շատ շնորհակալ է յուրաքանչյուրին, ով աջակցում է Արցախի ժողովրդին այս դժվարին պահին։ Այս փուլում կենտրոնանալով հրատապ կարիքների վրա՝ մենք նախատեսում ենք առաջիկայում հնարավորություններ ստեղծել կրթության, հմտությունների զարգացման և վերապատրաստման ծրագրերի միջոցով արցախցիների ներուժը զարգացնելու համար»,- նշում է Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը։ 
 
Ռուբեն Վարդանյանի կողմից 2022 թվականին հիմնադրված «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության նպատակն ի սկզբանե Արցախի կայուն սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացման խթանումն էր: Երբ սկսվեց շրջափակումը, գործակալությունն իր ջանքերը կենտրոնացրեց Արցախի բնակչությանը մարդասիրական օգնության, այդ թվում՝ սննդի մատակարարման, առաջնային առողջապահության և այլ ոլորտներում աջակցության ցուցաբերման  խնդիրների վրա: 
 
 
Մենք ենք մեր սարերը գործակալություն
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play