Վարչապետ Փաշինյանն ընդունել է Իրանի քաղաքաշինության և ճանապարհաշինության նախարարի գլխավորած պատվիրակությանը


Վարչապետ Փաշինյանն ընդունել է Իրանի քաղաքաշինության և ճանապարհաշինության նախարարի գլխավորած պատվիրակությանը

  • 24-10-2023 10:11:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի քաղաքաշինության և ճանապարհաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշի գլխավորած պատվիրակությանը: 
 
Վարչապետը ողջունել է իրանական պատվիրակության արդյունավետ այցը Հայաստան, որի շրջանակում ստորագրվել է Հյուսիս-հարավ ավտոմայրուղու Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիրը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն երկու երկրների միջև մինչ այժմ իրականացված խոշորագույն ծրագրերից մեկն է լինելու: Վարչապետը հույս է հայտնել, որ երկկողմ նախագծերի ծավալները շարունակաբար կընդլայնվեն: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարությունն իրականացնում է կապիտալ խոշոր ծրագրեր և դրանց կյանքի կոչման գործում հայկական կողմը շահագրգիռ է համագործակցել իրանական ընկերությունների հետ: 
 
Մեհրդադ Բազրփաշը նշել է, որ Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարությունն իրականացնելու է իրանական խոշոր ընկերություններից մեկը և վստահություն հայտնել, որ ծրագիրը կիրականացվի որակով և ժամանակին: Իրանի քաղաքաշինության և ճանապարհաշինության նախարարի խոսքով` իրանական այլ ընկերություններ ևս պատրաստ են ներգրավվել Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման ծրագրերում: Միաժամանակ նա նշել է, որ իրանական կողմն իր հերթին շահագրգիռ է երկրում բնակարանաշինության խոշորածավալ ծրագրերում հայկական ընկերությունների ներգրավմամբ:
 
Մեհրդադ Բազրփաշը համոզմունք է հայտնել, որ Հյուսիս-հարավ տարանցիկ ավտոմայրուղու կառուցումը կնպաստի տարածաշրջանային բեռնափոխադրումների ծավալների ընդլայնմանն ու տնտեսական կապերի զարգացմանը: 
 
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների ներքո տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունների շուրջ: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play