Այսօր լրանում է հոկտեմբերի 27-ի ոճրագործության 24-րդ տարին


Այսօր լրանում է հոկտեմբերի 27-ի ոճրագործության 24-րդ տարին

  • 27-10-2023 10:38:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Այսօր լրանում է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 24-րդ տարելիցը:
 
1999 թվականի հոկտեմբերի 27-ին հարձակում տեղի ունեցավ Ազգային ժողովի վրա, երբ հերթական նիստին Կառավարությունը պատասխանում էր պատգամավորների հարցերին:  
 
Սպանվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ևս 8 հոգի վիրավորվեց, 91 մարդ էլ պատանդ էր վերցվել:
 
Գերեվարված են եղել նաև նիստը լուսաբանող լրագրողները, որոնց որոշ ժամանակ անց ահաբեկիչները դուրս են թողել։ Վիրավորում ստացած պատգամավորներին և Կառավարության անդամներին նույնպես որոշ ժամանակ անց դուրս են թողել։
 
Պատանդ մնացած անձինք ազատ են արձակվել հոկտեմբերի 28-ի լուսադեմին՝ ահաբեկիչների՝ զենքերը վայր դնելուց ու հանձնվելուց հետո։
 
2003 թվականի դեկտեմբերի 2-ի դատավճռով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Նաիրի Հունանյանին և նրա հանցախմբի 5 անդամներին, հանցախմբի ևս մեկ անդամ դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:
 
Ցմահ ազատազրկման դատապարտված Վռամ Գալստյանը հետագայում ինքնասպանություն գործեց, իսկ 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը հանկարծամահ եղավ։
 
«Հոկտեմբերի 27»-ի գործով ձերբակալված Նորայր Եղիազարյանը, երբ գործը դեռ նախաքննության փուլում էր, ըստ պաշտոնական վարկածի, Նուբարաշենի մեկուսարանում էլեկտրահարվեց։
 
Նաիրի Հունանյանը շարունակում է կրել պատիժը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play