Բաքուն հրաժարվել է ՀՀ–ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վաշինգտոնյան հանդիպումից


Բաքուն հրաժարվել է ՀՀ–ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վաշինգտոնյան հանդիպումից

  • 16-11-2023 15:33:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Ադրբեջանի ԱԳՆ–ի պնդմամբ` ԱՄՆ–ն իր գործողություններով վնասում է տարածաշրջանի երկրների տրանսպորտային անվտանգության ջանքերը։
 
Բաքուն հրաժարվել է նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումից: Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները` հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ–ին։
 
Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը նոյեմբերի 15-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարել էր, որ Վաշինգտոնը դադարեցրել է ռազմական և այլ օգնության տրամադրումը Բաքվին, չեղարկել է մի շարք բարձր մակարդակի այցելություններ և ազդարարել, որ մինչև Երևանի հետ բանակցություններում առաջընթաց չգրանցվի, երկկողմ հարաբերությունների կարգավորում չի լինի:
 
«ԱՄՆ-ն տարածաշրջանային երկիր չէ, իր գործողություններով և հայտարարություններով վնասում է տարածաշրջանի երկրների տրանսպորտային անվտանգության ջանքերը»,– հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ–ն։
 
Հիշեցնենք` ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը սեպտեմբերին հայտարարեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև երկկողմ հանդիպում չկա օրակարգում։
 
Հոկտեմբերի 23–ին Թեհրանում «3+3» ձևաչափով (առանց Վրաստանի) հանդիպում կայացավ արտգործնախարարների մակարդակով։ Ձևաչափը նախատեսում էր Ռուսաստանի, Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի մասնակցությունը, սակայն Թբիլիսին հայտարարեց, որ չի մասնակցի նախաձեռնությանը։
 
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Թեհրանում կայացած հանդիպմանը Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև ոչ պաշտոնական շփում է եղել։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play