ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների վերսկսմանը․ Խավիեր Կոլոմինա Պիրիս


ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների վերսկսմանը․ Խավիեր Կոլոմինա Պիրիս

  • 01-12-2023 11:20:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղ բանակցությունների վերսկսմանը, X-ի իր էջում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսը Սկոպյեում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո։
 
Կոլոմինան նաև նշել է, որ Միրզոյանի հետ քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը և ՆԱՏՕ-Հայաստան երկկողմ համագործակցության ամրապնդման ուղիները։
 
ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Սկոպյեում է նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Հայկական կողմը հաղորդել է, որ Միրզոյան-Բայրամով հանդիպում չի նախատեսվում։
 
Կոլոմինան X-ի իր էջում մեկ այլ գրառմամբ տեղեկացրել է, որ Սկոպյեում հանդիպել է նաև Բայրամովի հետ, վերահաստատել ՆԱՏՕ-ի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խրախուսել խաղաղ բանակցությունների վերսկսումը։
 
Երեկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի հետ հանդիպումից հետո հայկական կողմը հաղորդեց, որ Միրզոյանն ու Կոլոմինա Պիրիսը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանը վերաբերող հարցեր։
 
Միրզոյանը նշել է, որ անհրաժեշտ է Ադրբեջանի հստակ, հանրային դիրքորոշումը տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի և ԽՍՀՄ ամենաթարմ, լեգիտիմ քարտեզների հիման վրա սահմանազատման հետագա գործընթացի ապահովման հարցում։
 
Արտգործնախարարն անդրադարձել է նաև «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին՝ նշելով երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո տարածաշրջանային բոլոր կապուղիների ապաշրջափակման հարցում ՀՀ միանշանակ և միջազգային գործընկերների համար ընկալելի դիրքորոշումը։
 
Բաքուն, իր հերթին, Կոլոմինա-Բայրամով հանդիպումից նշում է, որ քննարկվել են Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության ընթացիկ օրակարգի, տարածաշրջանային և միջազգային հարցեր, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը և բանակցությունների հեռանկարները:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play