Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահին և փոխնախագահին


Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահին և փոխնախագահին

  • 02-12-2023 10:45:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանին և փոխնախագահ, վարչապետ, Դուբայի Էմիրության կառավարիչ շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումին՝ Ազգային տոնի առթիվ:
 
ԱՄԷ նախագահին ուղղված ուղերձում նշված է.
 
«Ընդունեք խնդրեմ անկեղծ շնորհավորանքներս ու ջերմ բարեմաղթանքներս Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային տոնի կապակցությամբ:
 
Հայ-էմիրաթական բարեկամությունը տարիների պատմություն ունի, և այսօր ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ մեր երկու երկրների միջև ձևավորվել են փոխշահավետ և ամուր համագործակցության բարի ավանդույթներ:
 
Գոհունակությամբ ուզում եմ նշել, որ վերջին շրջանում ականատես ենք լինում հայ-էմիրաթական փոխգործակցության աննախադեպ ակտիվության, որը դրսևորվում է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերին զարկ տալու երկուստեք պատրաստակամությամբ և երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկայով: 
 
Լիահույս եմ, որ մեր երկրների միջև ծավալված ակտիվ երկխոսությունը և համատեղ նախաձեռնությունները շարունակական բնույթ կկրեն, և մոտ ապագայում ականատես կլինենք այդ արգասաբեր համագործակցության իրական արդյունքներին:
 
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:
 
ԱՄԷ փոխնախագահին ուղղված ուղերձում ասված է.
 
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Արաբական Միացյալ Էմիրությունների ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ:
 
Հայաստանում ոգևորությամբ են հետևում վերջին տասնամյակներին ամենատարբեր ոլորտներում ԱՄԷ-ի գրանցած շարունակական հաջողություններին և անհամբեր սպասում բարեկամ Էմիրությունների նոր ձեռքբերումներին:
 
Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև առկա գործընկերությունը և հաստատակամ ենք խորացնելու մեր համագործակցությունը երկուստեք նախանշված ոլորտներում:
 
Ունեցած ձեռքբերումներով և հաջողություններով հանդերձ՝ վստահ եմ, որ մեր երկու երկրների միջև համագործակցությունն ունի զարգացման էլ ավելի մեծ ներուժ, որին և պետք է ուղղված լինեն մեր հետագա համատեղ քայլերը: 
 
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play