ՌԴ դեսպանատունը մեկնաբանել է Sputnik Արմենիա ռադիոկայանի հեռարձակումը կասեցնելու որոշումը


ՌԴ դեսպանատունը մեկնաբանել է Sputnik Արմենիա ռադիոկայանի հեռարձակումը կասեցնելու որոշումը

  • 21-12-2023 14:07:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Դեսպանությունից նշել են, որ նման որոշում է կայացվել Հայաստանի և Ռուսաստանի պատասխանատու գերատեսչությունների միջև անցկացված խորհրդակցություններից մեկ շաբաթ անց։
 
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշումը կազդի հայ ունկնդրի՝ իր ընտրությամբ աղբյուրից տեղեկատվություն ստանալու անվերապահ իրավունքի վրա։ Այս հայտարարությունը տարածել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը՝ մեկնաբանելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի` Sputnik Արմենիա ռադիոկայանի հեռարձակումը 30 օրով դադարեցնելու որոշումը։
 
«Այս քայլը չի կարող չթվալ որպես զիջում հօգուտ նրանց, ովքեր ավելի ու ավելի բարձր են խոսում Ռուսաստանի և Հայաստանի ավանդական, փոխշահավետ և փոխհարգալից դաշնակցային հարաբերությունների խզման օգտին»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ։
 
Դեսպանությունը ևս մի հանգամանքի վրա է ուշադրություն հրավիրել․ Հայաստանում ռուսական լրատվամիջոցի մասնաճյուղի հեռարձակումը կասեցնելու որոշումն ընդունվել է ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցությունների նախարարության և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գծով կառուցողական խորհրդակցություններից (կայացել են դեկտեմբերի 14-ին) ընդամենը մեկ շաբաթ անց։ ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունից հայտնում են, որ անցկացված խորհրդակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվել էին սերտ փոխգործակցել և լուծել ծագող բոլոր վիճելի հարցերը։
 
Հիշեցնենք` ՀՌՀ-ի երեկվա նիստում որոշվել է 30 օրով կասեցնել  Sputnik Արմենիա ռադիոկայանի հեռարձակումը, վերահեռարձակող «Տոսպա» ռադիոընկերությունը մեկ ամսով զրկվել է լիցենզիայից։ Վարչական 2 վարույթ է հարուցվել ընկերության նկատմամբ և տուգանք նշանակել 500 հազար դրամի չափով։ Վարույթներից մեկը վերաբերում է «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդման նոյեմբերի 17-ի եթերին, որի ընթացքում, ըստ հանձնաժողովի, հաղորդավարը բռնության կոչեր է հնչեցրել։ Մյուս վարույթը վերաբերում է «Աբովյան Time» հաղորդմանը։
 
Հավելենք, որ ՀՌՀ-ի որոշման մեջ նշված նոյեմբերի 17-ի «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդման ընթացքում հեղինակը սուր խոսքեր է ասում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա գործողությունների վերաբերյալ, բայց Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին ուղղված որևէ վիրավորական խոսք չկա։ Ինչ վերաբերում է «Աբովյան Time» հաղորդմանը, ապա ՀՌՀ-ի նշած «ոչ հավաստի, չստուգված տեղեկությունները» հեղինակ Արման Աբովյանի կարծիքն է եղել. «Եթե առաջ կոնցեպտն էր՝ Ղարաբաղը տանք, հանգիստ ապրենք, հիմա՝ Տավուշը տանք, հանգիստ ապրենք, Սյունիքը տանք, հանգիստ ապրենք, Գեղարքունիքը տանք, հանգիստ ապրենք․․․»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play