Բոլոր ծրագրերը ջարդուփշուր են լինելու, ո՞վ է Շահրամանյանը, որ հրամանագիր ստորագրի. Հովհաննիսյան


Բոլոր ծրագրերը ջարդուփշուր են լինելու, ո՞վ է Շահրամանյանը, որ հրամանագիր ստորագրի. Հովհաննիսյան

  • 23-12-2023 11:10:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղը լուծարված չլինելու մասին պնդումներին:
 
«Փաստորեն, Արցախի կապիտուլյացիան ստորագրած, ամբողջ զինամթերքն ու տեխնիկան հակառակորդին նվիրած, Հայաստանին պատերազմի մեջ ներքաշելու փորձին նպաստած Արցախի նախագահը և յուր «պաշտոնյաները» նախ նեղսրտում են, որ Հայաստանում աշխատավարձ չեն ստանում, հետո էլ՝ խոսում Հայաստանի Հանրապետության ներսում ինչ-որ ինստուտուտների գործարկման մասին:
 
Ո՞վ է Սամվել Շահրամանյանը, որ Երևանում հրամանագիր ստորագրի: Երևանում և Հայաստանում գործում են միայն և բացառապես ՀՀ օրինական ղեկավարության հրամանագրերն ու որոշումները:
 
Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդը ընտրել է իր լեգիտիմ Ազգային ժողովին, Վարչապետին, ձևավորել ինստիտուտներ և վերջ: Հայաստանում կա մեկ իշխանություն, և այդ մեկ իշխանությունը Հայաստանի օրինական իշխանությունն է:
 
Սրան հակադրվող կամ սրա դեմ պայքարող ցանկացած նախաձեռնություն դիտվելու է որպես հակապետական գործունեություն, հայտարարվելու է օրենքից դուրս և արժանանալու է ամենակոշտ միջոցներին պետության կողմից:
 
Հայաստանին նոր ռազմական սադրանքի մեջ ներքաշել ձգտողների բոլոր ծրագրերը ջարդուփշուր են լինելու, իսկ հեղինակները խստագույնս պատժվելու են»,- գրել է նա:
 
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները:
 
Հայաստանի կառավարությունից ևս արձագանքել են Լեռնային Ղարաբաղը լուծարված չլինելու մասին պնդումներին՝ շեշտելով, որ «պետության մեջ պետություն ստեղծելու գաղափարը անվտանգային սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի համար»:
 
Ավելի վաղ՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության զանգվածային բռնագաղթման ժամանակ, հայտնի էր դարձել, որ ԼՂ վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը ռուսական կողմի միջնորդությամբ ստորագրել է հրամանագիր, ըստ որի՝ 2024 թվականի հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ) դադարում է գոյություն ունենալ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play