Ռուսաստանը կօգնի՞ Հայաստանին Բաքվի հարձակման դեպքում․ ինչ պատասխան է տվել Սերգեյ Կոպիրկինը


Ռուսաստանը կօգնի՞ Հայաստանին Բաքվի հարձակման դեպքում․ ինչ պատասխան է տվել Սերգեյ Կոպիրկինը

  • 29-12-2023 11:19:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, հիմք չունեմ ասելու համար, թե ՌԴ–ն կասկածի տակ կդնի Հայաստանի հետ իր դաշնակցային պայմանավորվածությունները, բայց որպես դեսպան չի կարող քննարկել նման զարգացումները։
 
Այս մասին Հանրային հեռուստաընկերությունում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում ասել է նա՝ պատասխանելով հարցին՝ Ռուսաստանը կօգնի՞ Հայաստանին Բաքվի հարձակման դեպքում:
 
«Ռուսաստանը չի հրաժարվել և չի հրաժարվելու Հայաստանի առջև ստանձնած դաշնակցային պարտավորություններից։ Ես ոչ մի հիմք չունեմ պնդելու, որ Ռուսաստանը չի կատարի Հայաստանի հանդեպ իր դաշնակցային պարտավորությունները։ Կարծում եմ` հիմա չափազանց կարևոր է, և դա բխում է բոլորի շահերից, որպեսզի իրավիճակը զարգանա խաղաղ հունով, և հիմքեր ստեղծվեն երկարատև խաղաղության համար։ Իհարկե, Ռուսաստանը միաժամանակ Հայաստանի կողմից մեծ ցանկություն չի տեսնում աշխատել ռուսական բանակցային հարթակում»,- պատասխանել է նա։
 
Դիվանագետը շեշտել է, որ Մոսկվան չի հեռանում տարածաշրջանից, բայց տարածաշրջանային խաղաղությունը չափազանց կարևոր է։
 
Կոպիրկինը նաև անդրադարձել է այն հարցին, թե ինչու են որոշ ռուս պաշտոնատար անձինք եռակողմ հայտարարությունը չկատարելու մեջ մեղադրում Հայաստանին և ոչ Ադրբեջանին և նշել, որ ռուս պաշտոնյաների ոչ բոլոր հայտարարություններ են բխում Հայաստանի հասցեին կշտամբանքների տրամաբանությունից։ Կան նաև դրական գնահատականներ, որոնք, ցավոք, բավարար չափով չեն լուսաբանվում, ինչպես և չի լուսաբանվում Հայաստանի նկատմամբ ռուսական դիրքորոշման էությունը․
 
«Շարունակելով կշտամբանքների թեման` նշեմ, որ արժե հաշվի առնել նաև Հայաստանում առանձին անձանց կողմից Ռուսաստանի հասցեին հնչող լուրջ քննադատություններն ու մեղադրանքները։ Փորձ է արվում բարդել Ռուսաստանի վրա՝ ողբերգությունների և անհաջողությունների համար։ Իհարկե, Մոսկվան ինքն իր վրայից չի հանում պատասխանատվությունը տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների համար»։
 
Նրա խոսքով` ՌԴ–ն պատասխանատու դերակատար է և հնարավորության սահմաններում ամեն ինչ անում է հիմնական խնդիրները լուծելու, էսկալացիա թույլ չտալու համար։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play