Տրանսպորտի գինը թանկացնելու են, դրա համար ինձ չեզոքացնում են. Մարությանին զրկեցին մանդատից


Տրանսպորտի գինը թանկացնելու են, դրա համար ինձ չեզոքացնում են. Մարությանին զրկեցին մանդատից

  • 07-02-2024 11:45:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Հայկ Մարությանը բացատրել է, թե ինչու չի մասնակցել ավագանու նիստերին։
 
34 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ Երևանի ավագանին «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանին զրկեց մանդատից։
 
Մինչ քվերկությունը Հայկ Մարությանը իր ելույթում քննադատեց ՔՊ–ին սեփական հայեցողությամբ որոշումներ կայացնելու համար։ Նա հիշեցրեց, որ նախկինում ավագանու նիստերին երբեք չմասնակցած ավագանու անդամները չեն հեռացվել։
 
«Ինչու նախորդ գումարման ժամանակ չէիք հեռացնում ձեր տասնյակ թիմակիցներին, որոնք տարիներով նիստերին չէին մասնակցում, որովհետև ձեր դեմ դուրս չէին գալիս։ Գիտեք ում եք հեռացրել անցած գումարման ժամանակ. Լուսինե Մխոյանին` հղի կնոջը, այն բանի համար, որ ինձ քաղաքապետի պաշտոնից հանում էիք, նա ձեզ չմիացավ»,–ասաց Մարությանը։
 
Նա ընդգծեց, որ այժմ իրենց ավագանուց փորձում են հեռացնել, որովհետև պահանջում են ՔՊ–ի հրաժարականը։ Մինչդեռ ավագանու նիստերին չգալով, քվորում չապահովելով է միայն հնարավոր դիմակայել ՔՊ–ի «տհաս» որոշումներին։
 
«Չեմ եկել, որ չմասնակցեմ, կարմիր գծերի 160.000 դրամ թանկացնելու խայտառակ որոշմանը, չեմ եկել, որ օղակաձև այգու 4–րդ հատվածը չբետոնապատեն, տրանսպորտի գները չթանկացնեն...»,–ասաց նա։
 
Հայկ Մարությանը կարծում է, որ քաղաքական հաշվեհարդարից բացի, ևս մեկ կարևոր դրդապատճառ կա, որ իշխանությունը ուզում է իրեն մանդատից զրկել։
 
«Եթե հիշում եք, որ անցած տարի ես ասել էի` կարմիր գծերը թանկացնելուց հետո, այս իշխանությունը թանկացնելու է նաև հանրային տրանսպորտի գինը։ Արդյունքում ավելի թանկ է լինելու մեր տրանսպորտի գինը, քան մի շարք զարգացած եվրոպական երկրներում։ Նրանք ուզում են չեզոքացնել ինձ` իմանալով իմ դիրքորոշումը տրանսպորտի թանկացման մասին, որ ես շատ հստակ արտահայտվել եմ 11 տարի առաջ»,– ասաց նա։
 
Նրա ելույթից հետո Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը արձագանքեց, թե այս հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։
 
Իր ելույթից հետո Հայկ Մարությանը լքեց դահլիճը։
 
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու արտահերթ նիստում քննարկվում է 5 պատգամավորների մանդատից զրկելու հարցը։ Ավելի վաղ մանդատից զրկվել էր Նարինե Հայրապետյանը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play