Բաքուն կվերահսկի ճանապարհը և գազատարը. պատգամավորը՝ Տավուշի գյուղերի հանձնման ռիսկի մասին


Բաքուն կվերահսկի ճանապարհը և գազատարը. պատգամավորը՝ Տավուշի գյուղերի հանձնման ռիսկի մասին

  • 13-03-2024 13:57:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik․ Ընդդիմադիր պատգամավորը վստահ է, որ Ադրբեջանի իշխանությունները փորձում են Հայաստանն օղակի մեջ վերցնել։
 
Եթե Հայաստանի իշխանությունները Տավուշում տարածքներ հանձնեն Ադրբեջանին, ապա Բաքվի վերահսկողության տակ կհայտնվեն գազատարն ու Վրաստանից եկող ճանապարհը։ Այս մասին ահազանգում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նա շրջայց է կատարել Ոսկեպար և Կիրանց գյուղերում ու տեսանյութ հրապարակել։
 
Նշենք, որ տեսանյութը սոցցանցում հրապարակվել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսից մեկ օր առաջ։
 
Ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ իշխանությունները նախատեսում են ճանապարհների նոր հատվածներ կառուցել՝ Հայկական ԽՍՀ սահմաններից դուրս ճանապարհների փոխարեն։ Փաշինյանը չէր բացառել, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը կսկսվի Տավուշի մարզից։
 
Ըստ Դանիելյանի՝ տարածքների հանձնման դեպքում դեռևս 90-ականներին ձևավորված ամբողջ պաշտպանական գիծը կկազմաքանդվի, և հակառակորդը կհայտնվի խորը թիկունքում՝ դրանից բխող բոլոր աղետալի հետևանքներով:
 
Պատգամավորի խոսքով՝ Վրաստանից Հայաստան մտնող գազատարն անցնում է նաև Վերին Ոսկեպար գյուղով: Ստանալով այդ տարածքը՝ Ադրբեջանը ԶՈւ դիրքեր կհաստատի Երևան-Թբիլիսի ճանապարհի 5 հատվածներում՝ Ոսկեպար և Կիրանց գյուղերի մոտակայքում։ Բաքուն նաև կոմունիկացիա կպահանջի Վերին Ոսկեպար գյուղի հետ կապ հաստատելու համար։
 
«Տավուշի գյուղերի հանձնման պարագայում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները շատ մոտ են կանգնած լինելու դպրոցներին, մանկապարտեզներին, պետական հաստատություններին՝ դրանով իսկ անհնարին դարձնելով նրանց բնականոն աշխատանքը»,- նշում է խորհրդարանականը:
 
Ոսկեպարի և Տիգրանաշենի մոտ ադրբեջանական զինուժի ներկայությունը, ըստ նրա, Հայաստանը կդարձնի «անկլավ», Բաքուն կփորձի օղակի մեջ առնել երկրի ամբողջ տարածքը:
 
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում հայտարարել էր նաև, որ ԽՍՀՄ փլուզման ժամանակ արձանագրված սահմանները հաստատվել են Ալմա-Աթայի հռչակագրում և Պրահայի հայտարարության մեջ՝ որպես երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիմք:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play