Իրանը դեմ է Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական մրցակցության դաշտ վերածելուն․ Քանանի


Իրանը դեմ է Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական մրցակցության դաշտ վերածելուն․ Քանանի

  • 10-04-2024 10:47:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Իրանը դեմ է Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական մրցակցության դաշտ վերածելուն, IRNA-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի արտաքին գերատեսչության մամուլի խոսնակ Նասեր Քանանին՝ անդրադառնալով ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպմանը։
 
Քանանին ընդգծել է տարածաշրջանային համագործակցության կարևորությունը Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործում նաև շեշտելով տարածաշրջանային կարողությունների, այդ թվում՝ «3+3» ձևաչափի օգտագործման անհրաժեշտությունը՝ չլուծված վեճերը լուծելու համար:
 
«3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության նոր ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։
 
Հայաստանը 2 տարի առաջ հայտարարեց՝ այս ձևաչափը չպետք է ներառի հարցեր, որոնք արդեն համաձայնեցված են կամ քննարկվում են այլ հարթակներում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Վրաստանը մերժեց նախաձեռնությունը՝ նշելով, թե չի կարող համագործակցել Հարավային Օսիան և Աբխազիան զավթած Ռուսաստանի հետ:
 
Այս ձևաչափով առաջին հանդիպումը 2021-ի ավարտին էր ու չնայած աշխատանքները շարունակելու մասին մերթընդմերթ հնչող հայտարարություններին, այլ հանդիպում այդպես էլ չանցկացվեց։
 
2023-ի սեպտեմբերին՝ Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Ռուսաստանի ու Իրանի նախագահները խոսեցին «3+3» հարթակի աշխատանքներն ակտիվացնելու անհրաժեշտության մասին։
 
2023-ի հոկտեմբերին Թեհրանում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կրկին պնդեց, թե «3+3» հարթակն արդյունավետ ձևաչափ է տարածաշրջանային խնդիրները լուծելու համար։ Աբդոլլահիանը նաև վերահաստատեց Իրանի դիրքորոշում՝ շեշտելով միջազգային սահմանների պահպանման և երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը և որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի պետությունները՝ առանց արտաքին միջամտության։
 
Պաշտոնական Երևանն էլ հայտարարեց, որ պատրաստ է «3+3» ձևաչափով հանդիպումներին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց՝ այնպես չստացվի, որ Հայաստանը տարածաշրջանային օրակարգն անընդհատ քննարկում է հեռու տեղերում, և չի քննարկում այս տարածաշրջանում։ Վարչապետը նաև տեղեկացրեց, որ ժամանակին պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպումը տեղի ունենա Թեհրանում: Երևանն, ըստ գործադիրի ղեկավարի, պատրաստ է, սակայն լրացուցիչ քննարկման հարցեր կան։
 
Հոկտեմբերի վերջին Թեհրանում «3+3» ձևաչափով առաջին հանդիպումը եղավ արտգործնախարարների մակարդակով:
 
Հարավային Կովկասի երեք երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի ու նաև տարածաշրջանի երեք խոշոր հարևանների՝ Ռուսաստանի, Իրանի Թուրքիայի մասնակցությունը ենթադրող ձևաչափով հանդիպմանը մասնակցում էին 6-ից 5-ը․ Վրաստանը բոյկոտեց տարածաշրջանային այդ հարթակը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը