Վարժական հավաքների ծանուցումը հրապարակային կդառնա․ կառավարությունը հաստատեց նախագիծը


Վարժական հավաքների ծանուցումը հրապարակային կդառնա․ կառավարությունը հաստատեց նախագիծը

  • 12-04-2024 12:29:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Վարժական հավաքների ծանուցումը կկատարվի օնլայն, կառավարությունն այսօր ընդունեց նախագիծն ու ուղարկեց Ազգային ժողով՝ հաստատման՝ անհետաձգելի ռեժիմով։
 
«Ամեն ծանուցում պետական բյուջեի վրա բեռ է, դա ծախս է և հետևաբար, եթե 10 հոգի պետք է հրավիրենք վարժական հավաքի, ինչի՞ ենք 100 ծանուցագիր ուղարկում և, փաստորեն, 10 անգամ ավելի ծախս անում, քան կարող էինք անել։ Բախվում ենք այս իրականության հետ, երբ որ տեսնում ենք, որ ծանուցված համարելու հետ կապված օրենսդրական խութեր են առաջանում, և հիմա էս նախաձեռնության իմաստն այն է, որ քաղաքացու ծանուցված համարելու դե յուրե արձանագրումը դառնա անխուսափելի պրոցես, որը կբերի կոնկրետ արդյունքների», - նիստի ընթացում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
Քաղաքացու բոլոր հնարավոր միջոցներով ծանուցման պրոցեսը, այդ թվում՝ հրապարակային, ենթադրում է ընդամենը 30 օր, ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
 
Գործող օրենքով քաղաքացին ծանուցված է համարվում, եթե ծանուցագիրը ստանալու մասին կա նրա ստորագրությամբ հաստատված ստացականը։ Իսկ փոփոխությամբ՝ եթե չհաջողվի ուղիղ փոխանցել մարդուն, նրա էլեկտրոնային հասցեով ծանուցումը կուղարկեն։ Եթե այս տարբերակով էլ չներկայանա զինկոմիսարիատ, «Ազդարար» տեղեկատվական կայքում պարզապես կհրապարակեն այդ մարդու անունը, և հինգ օր անց նա կհամարվի պաշտոնապես ծանուցված։
 
ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի իշխանական անդամ Արմեն Խաչատրյանն ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում պարզաբանել էր․ - «Փոստի ծառայողը տանում, հասցնում է տուն, այդ ժամին տանը մարդ չի լինում, կամ քաղաքացին երկրում չի լինում, տարբեր պատճառներով, կամ չի ուզում ստանալ, դուռը չի բացում» և որպեսզի զինկոմի նամակը ուղիղ հասցեատիրոջը հասնի, Պաշտպանության նախարարությունն առաջարկում է փոխել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը և ծանուցումները հրապարակային դարձնել»։ Իսկ չներկայանալու դեպքում, ըստ պատգամավորի, իրավական հետևանքներ կառաջանան։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը