Հրազենի գործադրմամբ մարմնական վնասվածքներ ոտքերին՝ Արարատի մարզում․ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել


Հրազենի գործադրմամբ մարմնական վնասվածքներ ոտքերին՝ Արարատի մարզում․ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել

  • 17-04-2024 12:42:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում իրականացվող քննությամբ պարզվում են նույն մարզի 47-ամյա բնակչի առողջությանը հրազենի գործադրմամբ վնաս պատճառելու դեպքի հանգամանքները։
 
2024 թվականի ապրիլի 12-ին «Արարատի հիվանդանոց» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ ոտքին հրազենային վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 47-ամյա տղամարդ։
 
Ավելի ուշ պարզվել է, որ վերջինս վնասվածքը ստացել է Արարատ գյուղում գտնվող իր խանութի մոտ հնչած կրակոցների հետևանքով։
 
Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով կատարված դեպքի վայրի զննությամբ՝  հիշյալ խանութի հետնամասից հայտնաբերվել և վերցվել են 2 կրակված պարկուճներ։ 
 
Իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Արարատի բնակչին առերևույթ մարմնական վնասվածքներ է պատճառել ՌԴ քաղաքացի հանդիսացող  34-ամյա մի տղամարդ։
 
Վերջինս, ըստ ձեռք բերված նախնական տվյալների, 2024 թվականի ապրիլի 12-ին՝ ժամը 11։00-ից 12։00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի բնակչին հանդիպելու պատրվակով, որպես հաճախորդ գնացել է նրան պատկանող խանութ, ապա անձնական հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու համար, նրա հետ քայլել խանութի հետնամաս։
 
Այնտեղ տեղի ունեցած խոսակցության ժամանակ տղամարդը, քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում ձեռք բերված և իր մոտ ապօրինի պահվող ակոսափող ատրճանակով 2 անգամ կրակել է Արարատի բնակչի ոտքերի ուղղությամբ՝  պատճառելով մարմնական վնասվածնքեր։ 
 
Նույն օրը ձեռնարկված քննչական, ինչպես նաև օպեատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 34-ամյա տղամարդը ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանում՝ ՀՀ տարածքը լքելու պահին, և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։
 
Հայտնաբերվել և առգրավվել է նաև առերևույթ հանցագործության գործիք հանդիսացող «ՏՏ» տեսակի ատրճանակը։
 
Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով։
 
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը,  ինչը հետագայում փոխարինվել է տնային կալանքով և գրավով։
 
Նախաքննությունը շարունակվում է։  Միջոցառումներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքերն, այդ թվում գործադրված հրազենի ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ։
 
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
ՀՀ քննչական կոմիտե
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն