ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՀԴՄ-ՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ<br /> ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԱՐԴԵՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԱՐՁԱՆԱԳՐՎՈՒՄ<br />


ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՀԴՄ-ՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ
ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԱՐԴԵՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԱՐՁԱՆԱԳՐՎՈՒՄ

  • 17-10-2008 18:06:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում գրանցված առավել խոշոր շուրջ 80 առեւտրի կազմակերպման վայրերում, ուր գործում են 9144 վաճառատեղեր, հոկտեմբերի 17-ի դրությամբ տեղադրված են 2900 ցանցային հսկիչ-դրամարկղային մեքենաներ (ՀԴՄ): Ինչպես նույն օրվա ասուլիսում նշեց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը, ՀԴՄ ներկրող 5 ընկերությունները պատվիրել եւ առաջիկայում տոնավաճառներին կտրամադրեն ավելի քան 4000 ցանցային դրամարկղային մեքենա: Ըստ նրա, ներկրողների հետ առեւտրի կազմակերպիչների կնքած պայմանագրերով պատվիրված ՀԴՄ-ների թիվը 7302 է: Ա.Ալավերդյանի խոսքերով, այդ թվերը վկայում են այն մասին, որ որակական առումով լուրջ առաջընթաց է արձանագրվել մեկ ամիս առաջ սկսված ՀԴՄ-ների ներդրման գործընթացում: Նա միաժամանակ նշեց, որ այն նույն հաջողությամբ չի ընթանում մարզկենտրոններում, մասնավորապես, Արմավիրում, Կոտայքում, Աբովյանում, Գյումիրում, Վանաձորում եւ Մարտունիում: Կոմիտեի նախագահի տեղակալը մեկ անգամ եւս հիշեցրեց, որ առեւտրի կազմակերպման այն վայրերը, որոնք չեն բավարարի լիցենզավորման համար անհրաժեշտ պայմանները, այդ թվում ՀԴՄ-ների առկայության, կդադարեցնեն իրենց գործունեությունը: Նա հայտնեց, որ արդեն առեւտրի կազմակերպման ավելի քան 20 վայրեր դադարեցրել են իրենց գործունեությունը հենց այդ պատճառով: Նշվեց նաեւ, որ կոմիտեի «թեժ գծով» ստացվում են բողոքներ այն մասին, որ որոշ վայրերում վաճառողներին պարտադրում են իրենց միջոցներով ձեռք բերել ՀԴՄ-ներ: Մինչդեռ, ըստ Ա.Ալավերդյանի, դրանք պետք է ձեռք բերեն առեւտրի իրականացման վայրերի կազմակերպիչները: Ա.Ալավերդյանը հայտնեց, որ առեւտրի կազմակերպման վայրերում ՀԴՄ-ների ներդրման գործընթացը նախատեսվում է ավարտել հոկտեմբերի վերջերին: Ըստ նրա, գործընթացը հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտելու համար կոմիտեի մասնագետները աջակցում են առեւտրի իրականացման վայրերի կազմակերպիչներին եւ ՀԴՄ ներկրող ընկերություններին: Նշվեց, որ ներկայումս քննարկվում են առեւտրի իրականացման վայրերում տեղադրված ՀԴՄ-ների ցանցի միջոցով տվյալների ստացման տարբերակները:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play