ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵՆԱՀԱՄԵՐԳՈՎ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՖՐԱՆՍԱԲՆԱԿ ՀԱՆՐԱՀԱՅՏ<br /> ԴԱՇՆԱԿԱՀԱՐ ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵՆԱՀԱՄԵՐԳՈՎ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՖՐԱՆՍԱԲՆԱԿ ՀԱՆՐԱՀԱՅՏ
ԴԱՇՆԱԿԱՀԱՐ ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

  • 10-10-2008 19:35:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում անցկացվող «Վերադարձ» խորագրով դասական երաժշտության երկրորդ փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 11-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա ֆրանսաբնակ հանրահայտ դաշնակահար Վարդան Մամիկոնյանի մենահամերգը: Հոկտեմբերի 12-ին դաշնակահարը բարեգործական համերգով հանդես կգա նաեւ Գյումրիում: Ինչպես հոկտեմբերի 10-ի ասուլիսում հայտնեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդուարդ Միրզոյանը, Վ.Մամիկոնյանը երաժշտական կյանքում երեւույթ է: «Նա հայտնի ջութակահար Լեւոն Մամիկոնյանի որդին է, եւ ուրախ եմ, որ այսօր հոր գործը շարունակում է որդին` աշխարհին ներկայացնելով հայկական դասական արվեստի նմուշները»,- նշեց կոմպոզիտորը: Վ.Մամիկոնյանի խոսքերով, ինքը «Արամ Խաչատրյան» համերգասրահում առաջին անգամն է մենահամերգով ելույթ ունենալու, ինչը պարտավորեցնող է: Երիտասարդ դաշնակահարի խոսքերով, ի տարբերություն այլ երկրների, Հայաստանում երիտասարդները հետաքրքրվում են դասական երաժշտությամբ: «Դա բացառիկ երեւույթ է, քանի որ ես որեւէ երկրում նման հետաքրքրվածություն չեմ նկատել: Ես վստահ եմ, որ դա գալիս է մեր դաստիրակությունից, եւ հուսով եմ, որ այդ երեւույթը շարունակական կլինի»,- ընդգծեց դաշնակահարը: Նա միաժամանակ նշեց, որ հայկական դասական երաժշտությունը միշտ էլ հետաքրքրություն է առաջացնում օտարազգիների մոտ, հատկապես Կոմիտասի, Ավետ Տերտերյանի եւ Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները: Վ.Մամիկոնյանը սովորել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան կոնսերվատորիայում: Նա մասնակցել է բազմաթիվ միջազգային փառատոների, արժանացել Մոնտե Կառլոյում անցկացվող Աշխարհի երաժշտության վարպետների մրցույթի առաջին մրցանակին, մենահամերգներով հանդես եկել աշխարհի հայտնի բեմերում:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play