ՀՀ ԿԲ-Ի ԽՈՐՀՈՒՐԴԸ 0,25%-ՈՎ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ<br /> ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ` ՍԱՀՄԱՆԵԼՈՎ ԱՅՆ 6,75%<br />


ՀՀ ԿԲ-Ի ԽՈՐՀՈՒՐԴԸ 0,25%-ՈՎ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ` ՍԱՀՄԱՆԵԼՈՎ ԱՅՆ 6,75%

  • 05-05-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի մայիսի 5-ի նիստում ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը 0,25%-ով բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով այն 6,75%: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ ԿԲ-ի մամուլի ծառայությունից, 2008թ.-ի ապրիլին մարտի նկատմամբ արձանագրվել է 1,1% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 10,7%` շուրջ 4%-ով բարձր նախորդ տարվա վերջում արձանագրված մակարդակից: ԿԲ-ի խորհուրդը արձանագրել է, որ համաշխարհային պարենային շուկաներում բարձր գնաճային միջավայրը եւ դրանով պայմանավորված պարենային ապրանքների ներքին գների վրա ճնշումները շարունակել են պահպանվել, իսկ արտաքին միջավայրի հետագա զարգացումների անորոշության աստիճանը մնացել է բարձր: Միաժամանակ, պարենային ապրանքների գների բարձրացման երկրորդային ազդեցությունները առավել ուժգնացել են` մեծացնելով գնաճային ճնշումները ոչ պարենային ապրանքների ու ծառայությունների շուկաներում, եւ ավելացրել գնաճային սպասումները: ԿԲ-ի խորհուրդը համակարծիք է, որ առաջիկայում գնաճային ճնշումները պահպանվելու են: ԿԲ-ի կողմից դրամավարկային պայմանների աստիճանական խստացումը նպատակ ունի մեղմելու արտաքին զարգացումներով պայմանավորված գնաճային երկրորդային ազդեցությունները եւ սպասումները:
Նոյյան տապան  -   Տնտեսություն