ՀՄՀ-ՀԱՅԱՍՏԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 3 ԱՆԴԱՄՆԵՐ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ<br /> ԵՆ ՀԱՅՏՆԵԼ ԾՐԱԳՐԻ ՀՆԱՐԱՎԳՈՐ ԿԱՍԵՑՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ<br />


ՀՄՀ-ՀԱՅԱՍՏԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 3 ԱՆԴԱՄՆԵՐ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ
ԵՆ ՀԱՅՏՆԵԼ ԾՐԱԳՐԻ ՀՆԱՐԱՎԳՈՐ ԿԱՍԵՑՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

  • 30-04-2008 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ - Հայաստան» ծրագրի Շահառուների խորհրդի անդամներ` Լեւոն Բարսեղյանը, Սեյրան Մարտիրոսյանը եւ Արթուր Սաքունցը մտահոգություն են հայտնել այս ծրագրի հնարավոր կասեցման կամ դադարեցման սպառնալիքի առթիվ: Վերջիններիս կողմից «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հայտարարությունում նշված է, որ անցած տարեվերջին արդեն մտահոգող էին Հայաստանի այն 17 ցուցանիշները, որոնցով առաջնորդվում է ՀՄ Կորպորացիան Հայաստանին եւ այլ երկրներին ֆինասավորելիս. այդ 17 ցուցանիշից 9-ը մեր երկրի դեպքում ռիսկային մակարդակներում են: Մասնավորապես, ՀՀ նախագահական վերջին ընտրությունների ժամանակ տեղ գտած օրինախախտումները, դրանց հաջորդած զարգացումները, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումները, մամուլի եւ խոսքի ազատության սահմանափակումները էականորեն կարող են նվազեցնել ՀՀ ցուցանիշներից մի քանիսը, ինչը ծրագրի կասեցման կամ դադարեցման լուրջ սպառնալիք է հանդիսանում: Շահառուների խորհրդի վերոնշյալ անդամների կարծիքով, ՀՀ իշխանությունները պարտավոր են համապատասխան քայլեր ձեռնակել իրավիճակը շտկելու ուղղությամբ, հակառակ դեպքում երկիրը կարող է անվերադարձ հեռանալ ժողովրդավարությունից եւ զրկվել համաշխարհային հանրության տարաբնույթ աջակցությունից: Նշենք, որ «ՀՄՀ-Հայաստան» ծրագիրը ամերիկյան կորպորացիայից առաջիկա 5 տարում պետք է ստանա 235,65 մլն դոլար, որը պետք է ուղղվի գյուղական վայրերի շուրջ երեք քառորդի զարգացմանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն