ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ 2009 Թ.-Ի
ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾՈՎ ԿՀԱՏԿԱՑՎԻ 291 ՄԼՆ ԴՐԱՄ
28-10-2008 19:40:00 | Հայաստան | Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ 2009թ.-ի պետբյուջեի
նախագծով, Սփյուռքի նորաստեղծ նախարարության պահպանման համար
նախատեսվել է շուրջ 291 մլն դրամ, իսկ ծրագրերի իրականացման համար`
շուրջ 100 մլն դրամ: Ծրագրերի համար հատկացված գումարների 51,5 մլն
դրամը նախատեսված է Հայաստան-Սփյուռք գործակցության միջոցառումների
իրականացման համար, որոնք ուղղված են լինելու կրթական,
մշակութային, երիտասարդական ծրագրերին, Սփյուռքի կրթամշակութային
հաստատությունների գործունեության աջակցությանը, ինչպես նաեւ
կրթական որակի բարձրացմանը:
Ինչպես ԱԺ մշտական հանձնաժողովների հոկտեմբերի 28-ի համատեղ
նիստում հայտնեց ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել
Սաֆարյանը, նախարարությունը ձեւավորվել է ընթացիկ տարվա հոկտեմբերի
1-ին, երբ բյուջեի նախագիծը արդեն ներկայացվել էր խորհրդարան,
ուստի նախարարության ծրագրերի ֆինանսավորման խնդիրները անհրաժեշտ է
համատեղ քննարկել:
Ըստ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, նախարարության
գլխավոր առաքելությունն է համակարգել գործադիր իշխանության
մարմինների գործունեությունը Սփյուռք-Հայրենիք գործակցության
ասպարեզում, ուստի պետբյուջեով նախատեսվող գումարները իրոք շատ
փոքր են այն իրականացնելու համար: Միեւնույն ժամանակ նա նշեց, որ
ՀՀ նախագահի եւ վարչապետի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն
բացի պետբյուջեի հատկացումներից որոշակի հիմնադրամներից
իրականացնել մի շարք ծրագրերի ֆինանսավորումը: Առաջիկայում
իրականացվելիք ծրագրերից նախարարը հատկապես կարեւորեց «Արի տուն»
ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է Հայաստան բերել 15-25
տարեկան տղաների եւ աղջիկների:
Քանի որ համակարգում կարող են աշխատել միայն քաղծառայողներ,
ուստի աշխատանքներ են տարվում սփյուռքահայերին նախարարության
աշխատանքներին պայմանագրային հիմունքով ներգրավելու համար: Ըստ
Հ.Հակոբյանի, ՄԱԿ-ի հետ արդեն ստորագրվել է պայմանագիր եւ
հայտարարվել է մրցույթ սփյուռքահայերին նախարարության
աշխատանքներին ներգրավելու համար: Նա նաեւ տեղեկացրեց, որ
դեկտեմբերին նախատեսվում է անցկացնել կոնֆերանս` նվիրված
1946-48թթ.-ի հայրենադարձությանը, ինչը հնարավորություն կտա
վերլուծել վերջինիս դասերը` առաջիկայում հայրենադարձության ծրագիրը
մշակելու համար: