ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ «ARMENIA EXPO - 2008»<br /> ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ<br />


ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ «ARMENIA EXPO - 2008»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

  • 07-10-2008 16:28:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «LOGOS EXPO» կենտրոնի նախաձեռնությամբ հոկտեմբերի 14-ից Երեւանի «Դինամո» մարզադաշտի սրահներում կգործի «ARMENIA EXPO-2008» ունիվերսալ տարածաշրջանային առեւտրա-արդյունաբերական միջազգային 8-րդ ցուցահանդեսը: ՀՀ Էկոնոմիկայի եւ Արտաքին գործերի նախարարությունների, Արդյունաբերողների եւ գործարարների միության աջակցությամբ կազմակերպվող ցուցահանդեսին կմասնակցեն արդյունաբերական եւ առեւտրային ավելի քան 120 ընկերություններ Հայաստանից եւ արտերկրից: Ինչպես հոկտեմբերի 7-ի ասուլիսում հայտնեց կենտրոնի գործադիր տնօրեն Արա Ստեփանյանը, «ARMENIA EXPO»-ն տարածաշրջանում համարվում է ամենախոշոր ցուցահանդեսներից մեկը, այդ իսկ պատճառով տարեցտարի աճում է ցուցահանդեսին օտարերկրյա կազմակերպությունների մասնակցության թիվը: Ա.Ստեփանյանի խոսքերով, ցուցահանդեսը հնարավորություն է տալիս օտարերկրյա ընկերություններին Հայաստանում գտնել լուրջ գործընկերներ: Նա միաժամանակ նշեց, որ ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի մասնակից ընկերությունների թիվը չի գերազանցի 120-ը, քանի որ մարզադաշտի սրահները փոքր են: Հարցին, թե ինչու՞ ցուցահանդեսը չի անցկացվում Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, Ա.Ստեփանյանը նշեց, որ այդ հարցով պետք է դիմել համալիրի տնօրինությանը: «Տնօրինության հետ ավելի քան 3 ամիս ընթացել են բանակցություններ: Այդունքում բրենդային համարվող «DigiTec»-ն ու «ARMENIA EXPO»-ն անցկացվում են ցուցահանդեսների համար ոչ հարմարավետ վայրերում»,- ասաց Ա.Ստեփանյանը` հավելելով, որ իրենք այդ հարցով բազմիցս դիմել են ՀՀ կառավարությանը, սակայն այն մինչ օրս լուծում չի ստանում: Մինչդեռ, ըստ նրա, ամբողջ աշխարհում գործարար կապերի 20-30%-ը հաստատվում է ցուցահանդեսների ժամանակ: «ARMENIA EXPO»-ի շրջանակներում Կոմերցիայի, արդյունաբերության եւ առեւտրի եվրոպական տնտեսական պալատը Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 15-ին կկազմակերպի միջազգային կոնֆերանս` նվիրված սննդաարդյունաբերության խնդիրներին, ինչպես նաեւ կքննարկվեն խմելու, հանքային ջրերի, բնական եւ պահածոյացված պտուղ-բանջարեղենի եվրոպական շուկաներ արտահանմանն ուղղված հարցեր:
Նոյյան տապան  -   Տնտեսություն