ԴԱՎԻԹ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՀՊԱՐՏ Է ԻՐ ՀԱՅ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ<br />


ԴԱՎԻԹ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՀՊԱՐՏ Է ԻՐ ՀԱՅ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

  • 02-10-2008 21:28:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի հրավերով առաջին անգամ Հայաստան է այցելել արգենտինահայ հայտնի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը: Հոկտեմբերի 2-ին «Մասթեր կլաս» թենիսի ակումբում տեղի ունեցավ նրա հանդիպումը լրագրողների հետ: Ասուլիսին մասնակցեցին նաեւ Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Հարություն Փամբուկյանը, «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա-Քրիստինա Շիրինյանը, «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արարատ Ղուկասյանը եւ «Մասթեր կլաս» թենիսի ակումբի տնօրեն Աննա Գասպարյանը: Դ.Նալբանդյանը խոսոտովանեց, որ վաղուց էր երազում լինել իր նախնյաց երկրում, բայց ժամանակ չէր գտնում, քանի որ թենիսի մրցաշարերը անընդհատ հաջորդում են իրար եւ իր գրաֆիկը խիստ ծանրաբեռնված է: Նրա խոսքերով, ինքը հպարտ է հայ լինելու համար, մտերիմ է Սարգիս Սարգսյանի ու Անդրե Աղասու հետ: Անվանի թենիսիստն ասաց, որ իր նախնիները Մեծ եղեռնից հետո են հայտնվել Արգենտինայում: Դ.Նալբանդյանը նշեց, որ թենիսը բարդ խաղ է. բարձրակարգ վարպետը պետք է բնածին օժտվածությունից բացի ունենա նաեւ ֆիզիկական, մտավոր, բարոյակամային, ինչպես նաեւ տեխնիկա-տակտիկական չափազանց բարձր որակներ: Թենիսում գրեթե անհնար է միայն հաղթանակներ տանելը: Հաջողություններն ու ձախողումները այս մարզաձեւում կողք-կողքի են: Ասուլիսից հետո Դ.Նալբանդյանը «Մասթեր կլասի» գլխավոր կորտում գործնական դասեր տվեց պատանի թենիսիստներին, ապա մրցեց Հարություն Սոֆյանի հետ: Ի դեպ, նրանք 10 տարի առաջ` 1998-ին, էին հանդիպել իրար` Մոսկվայի պատանեկան համաշխարհային խաղերին, եւ այն ժամանակ հաղթել էր Դավիթը: Երեւանյան մրցամարտում նույնպես Դ.Նալբանդյանը առավելության հասավ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play