ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ «ԱՐՄԹԵՔ ԿՈՆԳՐԵՍ 2008»-ԻՆ<br /> ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 50 ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻ ՀՅՈՒՐԵՐ<br />


ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ «ԱՐՄԹԵՔ ԿՈՆԳՐԵՍ 2008»-ԻՆ
ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 50 ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻ ՀՅՈՒՐԵՐ

  • 26-09-2008 20:22:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 4-5-ին Երեւանում կանցկացվի «ԱրմԹեք Կոնգրես 2008» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գլոբալ 2-րդ համաժողով-ցուցահանդեսը, որին հրավիրված են եւ ելույթներով հանդես կգան ավելի քան 50 արտասահմանցի հյուրեր: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին կոնգրեսի լրատվական գրասենյակից, միջոցառումը նախատեսված է այն մասնագետների համար, ովքեր շահագրգռված են բարձր տեխնոլոգիաների գլոբալ ներուժի միավորմամբ եւ Հայաստանի տեխնոլոգիաների շարունակաբար աճող ոլորտի զարգացմամբ: Համաժողովը բարձր տեխնոլոգիաների մասնագետներին ու ձեռնարկություններին տալիս է ցանցային միջոցների կիրառման լայն հնարավորություններ: Համաժողովի պլենար նիստի հիմնական զեկուցողներն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցը, կրթության եւ գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը, ՀՀ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը, Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի մրցունակ մասնավոր հատված» (CAPS) ծրագրի խմբի ղեկավար Հեյլի Ալեքսանդրը, «Իմպեվա Լեբզի» եւ «Վիասֆեր Ինթերնեյշնլ» վենչուրային ընկերության (ԱՄՆ) նախագահ Թոնի Մորոյանը, «Սինոփսիս» ընկերության (ԱՄՆ) կորպորատիվ շուկայավարման եւ շուկայի ռազմավարական զարգացման գծով փոխնախագահ եւ «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Ռիչ Գոլդմանը, «Վիրաժ Լոջիք» ընկերության (ԱՄՆ) առաջատար գիտնական եւ փոխնախագահ Երվանդ Զորյանը: Համաժողովի հիմնական թեմաներն են «ՀՀ կառավարության դիրքորոշումը «ԱրմԹեք Կոնգրես 2007»-ի արդյունքների վերաբերյալ եւ դրանից բխող գործողությունները», «ՀՀ կառավարության ռազմավարությունը եւ նոր նախաձեռնությունները», «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացում», «Այլընտրանքային/վերականգնվող էներգետիկա», «Դեղագործություն/նուրբ օրգանական քիմիա», «Թվանշային հաղորդակցում», «Կիսահաղորդիչների նախագծում եւ փորձաքննություն», «Գործարար միջավայր եւ ենթակառուցվածք»: Նշենք, որ «ԱրմԹեք Կոնգրես» առաջին համաժողովն անցկացվել է 2007թ.-ի հուլիսի 4-7-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում: Միջոցառումը, որին մասնակցում էին 300 մասնագետներ եւ փորձագետներ, ԱՄՆ-ի, ՀՀ-ի, ինչպես նաեւ աշխարհի այլ երկրներից մասնակցող բազմաթիվ ընկերությունների, կրթական հաստատությունների եւ կառավարական մարմինների ներկայացուցիչների հնարավորություն ընձեռեց հանդես գալու տեխնոլոգիական ձեռքբերումների եւ ոլորտի մարտահրավերների վերաբերյալ ելույթներով եւ շնորհանդեսներով: Հիշեցնենք նաեւ, որ «ԱրմԹեք» մշտական գործող կազմակերպչական գրասենյակը (www.armtechcongress.com) հիմնադրվել է տեխնոլոգիաների եւ գործարար ոլորտների պրոֆեսիոնալների կողմից` Հայաստանի տեխնոլոգիաների բնագավառում մասնագիտական առաջընթացն ապահովելու եւ տեխնոլգիական ոլորտի արագ աճը խթանելու համար: Գրասենյակը տեղակայված է Սիլիկոնային հովտում (ԱՄՆ-ի բարձր տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը, որը գտնվում է Կալիֆորնիայում): «ԱրմԹեք Կոնգրես 2007»-ի հաջող ընթացքից հետո, միջազգային տեխնոլոգիական եւ գործարար համաժողովների շարունակական անցկացումը դարձել է կազմակերպության հիմնական նպատակը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն