ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԱՐՇԻԼ ԳՈՐԿՈՒ ՕՐԵՐԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԱՐՇԻԼ ԳՈՐԿՈՒ ՕՐԵՐԸ

  • 11-09-2008 19:15:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ մշակույթի նախարարության եւ Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ, Հայաստանում սեպտեմբերի 11-ից սկսվեց «Արշիլ Գորկու օրերը Հայաստանում» ծրագիրը` նվիրված նկարչի մահվան 60-ամյակին: Ծրագրի մեկնարկը տրվեց Էջմիածնում` Արշիլ Գորկու թանգարանում, ուր ներկայացված են նկարչի կտավների վերարտադրված աշխատանքները: Թանգարանի տնօրեն Շահեն Խաչատրյանի խոսքով, թեպետ թանգարանը չի բացվել եւ մնում է ավարտել սրահի լուսավորման աշխատանքները, սակայն «օրերի» մեկնարկը համաձայնել են սկսել այստեղից` որպես Գորկու ժառանգության ապագա հավաքատեղի: Թանգարանի շենքը կառուցվել է ուղիղ հարյուր տարի առաջ Խրիմյան Հայրիկի նախաձեռնությամբ, որը պետք է ծառայեր որպես Վեհարանի գանձարան: Սակայն այն որպես թանգարան երբեւէ չի ծառայել, այլ եղել է որբերի ապաստանավայր, բուժական եւ ռազմական կենտրոն, պահեստ: Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի օրոք այն վերականգնվել եւ դարձել է թանգարան: Ա.Գորկու քույրը նկարչի կտավները կտակել է Էջմիածնին: Գորկու նկարները ներկայումս գտնվում են Պորտուգալիայի «Գյուլբենկյան» թանգարանում: Այս պահին արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել Գորկու 53 աշխատանքների բնօրինակները Երեւան բերելու եւ թանգարանում պահվելու համար: Այժմ Էջմիածնի թանգարանում միայն մեկ բնօրինակ է պահվում Գորկու գծանկարներից: Նշենք, որ Գորկու գործերի մեծ մասը գտնվում է Միացյալ Նահանգների տարբեր թանգարաններում: Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի նախագահ Նազարեթ Կարոյանի խոսքով, իրականացվելիք մեկշաբաթյա ծրագիրը նպատակ ունի հայ հասարակայնությանը հաղորդակից դարձնել Գորկու արվեստին, ժառանգությանը: Գորկու գեղանկարչության ուղղությունը` աբստրակտ էքսպրեսիոնիզմը, հետագայում մեծ ազդեցություն է ունցել շատ նկարիչների վրա: Սեպտեմբերի 12-ին Ազգային պատկերասրահում կանցկացվի «Արշիլ Գորկին եւ Հայաստանը» խորագրով գիտաժողով, որին կմասնակցեն հայ եւ օտարազգի պատմաբաններ, արվեստի քննադատներ, Գորկու ստեղծագործության գիտակներ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play