ՀՀ ԿԲ-Ն 0,25%-ՈՎ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ<br /> ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ` ՍԱՀՄԱՆԵԼՈՎ ԱՅՆ 7,75%<br />


ՀՀ ԿԲ-Ն 0,25%-ՈՎ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ` ՍԱՀՄԱՆԵԼՈՎ ԱՅՆ 7,75%

  • 02-09-2008 19:30:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 2-ի նիստում ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը 0,25%-ով բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով այն 7,75%: ԿԲ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնեցին, որ թեեւ օգոստոսին հուլիսի նկատմամբ արձանագրվել է 0,7% գնանկում, 12-ամսյա գնաճը ավելացել է 0,8 տոկոսային կետով` կազմելով 11,5%: Վերջինս հիմնականում պայմանավորված է վերջերս տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններով եւ «հացամթերք» ապրանքախմբի գների աճի անփոփոխ վարքագծով` ակնկալվող նվազման փոխարեն: ԿԲ-ի խորհուրդը հաստատել է, որ թեեւ օգոստոսին արտաքին հատվածից եկող գնաճային ճնշումները շարունակել են թուլանալ, այնուամենայնիվ Հայաստանի ներքին շուկայի վրա այս միտումները էական ազդեցություն չեն ունեցել: Դա պայմանավորվել է ինչպես տարածաշրջանում ընթացող իրադարձությունների արդյունքում դեպի Հայաստան ապրանքներ ներմուծելու արգելակումների առաջացմամբ, այնպես էլ` առանձին ապրանքների ներքին շուկաների անկատարության հետեւանքով արտաքին գնաճային ճնշումների թուլացմանը ներքին գների դանդաղ արձագանքմամբ: Այդուհանդերձ, եթե դեպի Հայաստան ապրանքների ներմուծման խոչընդոտները շարունակական բնույթ չկրեն, ներքին պահանջարկի աճը լրացուցիչ գնաճային ճնշումներ չի առաջացնի: Հակառակ դեպքում էական ռիսկ կառաջանա ինչպես գնաճի ավելացման, այնպես էլ երկարաժամկետ հատվածում տնտեսական աճի տեմպերի նվազման առումով: ԿԲ-ի խորհուրդը, կարեւորելով գնաճային սպասումների մեղմման ու նպատակային թիրախից շեղումների նվազեցման խնդիրները եւ հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների բնույթի եւ տեւականության վերաբերյալ անորոշությունները, մնում է այն համոզման, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետագա ճշգրտումները գերազանցապես կախված կլինեն առաջիկա ամիսներին տարածաշրջանում տիրող իրավիճակից եւ համաշխարհային շուկաներում ապրանքների գների միտումներին ներքին գների արձագանքման արագությունից եւ չափից: Պարզաբանենք, որ վերաֆինասավորման տոկոսադրույքը բարձրացնելով ԿԲ-ն բարձրացնում է վարկավորման «գինը» եւ նվազեցնում ապրանքների, ծառայությունների առաջարկի համեմատ փողի «արժեզրկումը», հետեւաբար` գների աճը: «Տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների բնույթի եւ տեւականության վերաբերյալ անորոշությունները» վերաբերում են Հարավային Օսիայում ռազմական բախումից հետո Վրաստանով Հայաստան ապրանքների ներմուծման ծավալների հնարավոր նվազմանը, ինչը տեղի է ունեցել նաեւ հետագա օրերին: Վրաստանով Հայաստան ապրանքների ներմուծումն առայժմ ամենադրույինն ու էժանն է: Այդ ճանապարհի փակման դեպքում հնարավոր է ապրանքների դեֆիցիտի առաջացում, ինչը կնպաստի նաեւ գների բարձրացմանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play