2008 Թ.-Ի ՀՈՒՆԱՎՐ-ՀՈՒԼԻՍԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻՑ<br /> ՀՀ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՄՈՒՏՔԵՐԻ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է 12,8%-ՈՎ, ԻՍԿ ԱՅԼ<br /> ՀԱՐԿԵՐԻՆԸ` 56,9%-ՈՎ<br />


2008 Թ.-Ի ՀՈՒՆԱՎՐ-ՀՈՒԼԻՍԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻՑ
ՀՀ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՄՈՒՏՔԵՐԻ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է 12,8%-ՈՎ, ԻՍԿ ԱՅԼ
ՀԱՐԿԵՐԻՆԸ` 56,9%-ՈՎ

  • 28-08-2008 15:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի հունվար-հուլիսին բնօգտագործման եւ բնապահպանական վճարներից ՀՀ պետբյուջեի մուտքերը կազմել են ավելի քան 5,4 մլրդ դրամ (մոտ 17,6 մլն ԱՄՆ դոլար)` 12,8%-ով կամ 611,7 մլն դրամով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Աճը հիմնականում պայմանավորված է այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից ՀՀ օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու եւ շրջակա միջավայրին վնաս պատճառող ներմուծվող ապրանքների համար մաքսային մարմինների կողմից գանձված բնապահպանական վճարների, ինչպես նաեւ օգտակար հանածոների արդյունահանման համար գանձված վճարների ավելացմամբ: Միաժամանակ, նվազել են ավտոտրանսպորտից արտանետվող վնասակար նյութերի համար գանձված գումարները: ՀՀ Ֆինանսների նախարարության տվյալներով, 2008թ.-ի հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 11,9 մլրդ դրամ այլ հարկեր: Մասնավորապես, 6,5 մլրդ դրամ են կազմել «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրենքով սահմանված ռոյալթիի եւ կոնցեսիոն վճարները, 1,8 մլրդ դրամ` ճանապարհային վճարները, 2,2 մլրդ դրամ` հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարները, 1 մլրդ դրամ` հարկային օրենսդրությունը խախտելու համար «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված տույժերն ու տուգանքները, 432,4 մլն դրամ` ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության նյութական խրախուսման եւ սոցիալական զարգացման ֆոնդի եկամուտները: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այլ հարկերն ավելացել են 56,9%-ով կամ 4,3 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրենքով սահմանված վճարումներով: 2008թ.-ի հունվար-հուլիսին պետական տուրքի գծով բյուջետային եկամուտները կազմել են ավելի քան 12,1 մլրդ դրամ` 70,8%-ով ապահովելով իննամսյա ծրագիրը եւ 53,9%-ով` տարեկան ծրագիրը: 2007թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ պետական տուրքի ծավալն աճել է 8,5%-ով կամ 953 մլն դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է գործունեության որոշ տեսակների լիցենզավորման, օդային տրանսպորտով ֆիզիկական անձանց ելքի, դատարան տրվող հայցադիմումների ու գանգատների համար գանձվող տուրքերի, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների համար գանձվող տուրքերի աճով: 2008թ.-ի հունվար-հուլիսին պարտադիր սոցիալական ապահովության վճարներից բյուջետային եկամուտները կազմել են ավելի քան 55,1 մլրդ դրամ` 72,8%-ով ապահովելով իննամսյա ծրագիրը եւ 52,6%-ով` տարեկան ծրագիրը: 2007թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ պարտադիր սոցիալական ապահովության վճարներն աճել են 13,6%-ով կամ շուրջ 6,6 մլրդ դրամով:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play