Արթուր Բաղդասարյանն ընդունել է Ջեյմս Ապատուրային


Արթուր Բաղդասարյանն ընդունել է Ջեյմս Ապատուրային

  • 29-06-2011 12:27:33   | Հայաստան  |  Քաղաքական
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի գլխավորած պատվիրակությունը: Կողմերը երկուստեք նշել են, որ Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունն արդյունավետորեն զարգանում է եւ անդրադարձել են Աֆղանստանում տեղակայված հայկական զինուժի փաստին: Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ իր նախագահությամբ եւ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների ներգրավվածությամբ ՀՀ-ՆԱՏՕ ԱԳԳԾ-ի շրջանակներում ակտիվորեն գործում է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը, որը պարբերաբար անցկացվող հանդիպումների եւ քննարկումների միջոցով համակարգում է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի փոխգործակցությունը: Կողմերն իրենց գոհունակությունն են հայտնել հարաբերությունների առկա մակարդակի վերաբերյալ` միեւնույն ժամանակ ընդգծելով մի շարք կոնկրետ ուղղություններով համագործակցության խորացման անհրաժեշտությունը: Մասնավորապես Արթուր Բաղդասարյանն առանձնացրել է արտակարգ իրավիճակների ոլորտը, որտեղ իրականացվող բարեփոխումների շրջանակներում կառավարության որոշմամբ ստեղծվել է ճգնաժամերի կառավարման կենտրոն, ինչպես նաեւ նախատեսվում է ներդնել եվրոպական 211 կամ ամերիկյան 911 մոդելի արագ արձագանքման համակարգ: Այս համատեքստում Արթուր Բաղդասարյանը կարեւորել է ՆԱՏՕ-ի հետ հետագա համագործակցության խորացումը` փորձագիտական եւ տեխնիկական աջակցության տեսքով, ինչը կնպաստի այդ համակարգերի հետագա գործունեության արդյունավետության խթանմանը: Ի լրումն վերոնշյալի, Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ Հայաստանում մշակվել եւ արդյունավետորեն իրականացվում է ոստիկանական ոլորտի բարեփոխումների ծրագիր Եվրամիության եւ ԵԱՀԿ-ի հետ սերտ համագործակցությամբ, սակայն առկա են ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հնարավորություններ ոլորտի որոշակի կոնկրետ ուղղություններով` կիբեր ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ուղղություններով: Նա նշել է, որ միջազգային փորձագետների նկատառումների հաշվառմամբ արդեն իսկ մշակվել է կիբեր ահաբեկչության դեմ պայքարի ազգային ծրագիր: Բարձրաստիճան հյուրն արտահայտել է իր գոհունակությունը Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ներկայիս ընթացքի վերաբերյալ` կարեւորելով հանդիպման ընթացքում համագործակցության խորացմանն ուղղված կոնկրետ ուղղությունների նախանշումը: Նա պարտավորվել է հանդիպումից անմիջապես հետո հանձնարարականներ ներկայացնել արտակարգ իրավիճակների դեպքում քաղաքացիական բնակչության պաշտպանության հարցերով պատասխանատու ստորաբաժանումներին` մշակել համագործակցության կոնկրետ մեխանիզմներ, ինչպես նաեւ առաջարկներ ներկայացնել ահաբեկչության դեմ պայքարի ռազմավարության իրականացման վերաբերյալ: Նա նաեւ նշել է, որ ՆԱՏՕ-ի` կիբեր անվտանգությանը վերաբերող մոտեցումները եւ այս ասպարեզում գործընկերների հետ հետագա փոխգործակցության հարցերը կարեւոր նշանակություն ունեն: Ինչպես տեղեկացնում են ԱԱԽ մամուլի գրասենյակից, տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցերի քննարկման ընթացքում Արթուր Բաղդասարյանը, անընդունելի եւ ոչ կառուցողական համարելով Ադրբեջանի դիրքորոշումը, ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում` նշելով, որ Հայաստանը, անընդունելի համարելով ռազմական ճանապարհը, միանշանակ կողմ է բանակցային ուղով եւ փոխընդունելի փոխզիջումների միջոցով խնդրի հանգուցալուծմանը: Չնայած պատմական անցյալին` Հայաստանն իր մեջ ուժ գտավ նստելու բանակցային սեղանի շուրջ` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման նպատակով, այնինչ Թուրքիան շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը` սառեցնելով հարաբերությունների կարգավորման նպատակով ստորագրված արձանագրությունների վավերացումը: Ավելին, Հայաստան-Թուրքիա գործուն երկաթգծի առկայության պայմաններում մեր հարեւան երկիրը միլիոնավոր դոլարներ է ներդնում Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան` Հայաստանը շրջանցող մեկ այլ երկաթգծի շինարարության մեջ, ինչը վերը նշվածի վառ ապացույց է: Այնուամենայնիվ, գերակա համարելով տարածաշրջանային խաղաղությունը եւ հարաբերությունների նորմալացումը հարեւանների հետ` Հայաստանը հավատարիմ է մնում է իր կառուցողական մոտեցումներին եւ բաց իր հայտարարություններում:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play