ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՄՈՎՍԵՍ ՅԱԽՇՈՒՆՑԻ<br /> 90-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՄՈՎՍԵՍ ՅԱԽՇՈՒՆՑԻ
90-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

  • 06-06-2008 16:18:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կան բանաստեղծներ, որոնք ամենեւին չեն ձգտում պարգեւների, ծափողջյունների, այլ կատարում են իրենց մտավորականի առաքելությունը ու սերունդներին թողնում հարուստ գրական ժառանգություն: Այսպես բնորոշեց Մովսես Յաշխունցին հունիսի 6-ին Հայաստանի Ազգային գրադարանում (ՀԱԳ) բանաստեղծի 90-ամյակին նվիրված միջոցառմանը, ինչպես նաեւ նրա «Երկնամերձ երկիր» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսին ՀԱԳ-ի տնօրեն Դավիթ Սարգսյանը: Նրա խոսքերով, Մ.Յախշունցը ուներ ինքնատիպ բանաստեղծական մտածողություն, ինչը շատ քիչ բանաստեղծների է բնորոշ: «Մենք գործ ունենք մի բանաստեղծի հետ, որն իսկապես պատկերել է այն ամենը, ինչ գեղեցիկ է, ինչ բանաստեղծական է»,- նշեց Դ.Սարգսյանը: Ըստ Հայաստանի Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի, վերջին 20 տարիների պոետական խառնաշփոթի, գրական զանազան մանիֆեստների եւ հորձանքների մեջ Մ.Յախշունցը ծնյալ բանաստեղծ էր, իսկ նրա հատընտիրը մեկ անգամ եւս ապացուցում է հայ գրականության քնարերգության արմատների կենսունակության հավերժությունը: Լ.Անանյանի գնահատմամբ, նրա բոլոր ժողովածուները միշտ էլ ընթերցողի համար եղել են հայտնություն: Լ.Անանյանի բնորոշմամբ, Մ.Յախշունցը բնապաշտ բանաստեղծ էր, իսկ նրա պոեզիան բնության տարերքի մի ամբողջ հրավառություն: «Բանաստեղծի ստեղծագործություններում ինքնատիպ են ներկայացված բնության ամեն մի երեւույթը: Եվ վստահ եմ, որ յուրաքանչյուր սերունդ նորովի պիտի բացահայտի այս հրաշալի պոետին, նրա բանաստեղծությունների միջոցով ամեն անգամ գտնի պոեզիայի եւ բնության ներդաշնակությունը»,- նշեց Լ.Անանյանը: Հայ գրականությանը մատուցած ծառայությունների եւ 90-ամյակի առթիվ Մովսես Յուխշունցին հետմահու շնորհվեց հայ առաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտի անվան մեդալ:
Նոյյան տապան  -   Մշակույթ