ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ Է ՄԱՀԱՊԱՏԻԺԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԻՐ
ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
05-10-2007 19:30:00 | Ֆրանսիա | Միջազգային
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եվրոպայի Խորհուրդը,
ԵՄ-ի պորտուգալական նախագահությունը եւ Եվրոպական հանձնաժողովը
հոկտեմբեի 1-ին մահապատիժը կիրառելու դեմ միջազգային խորհրդաժողով
են անցկացնելու Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում:
Խորհրդաժողովը, որին մասնակցելու են ԵԽ-ի եւ Եվրամիության անդամ
պետությունների առաջնորդներ, ինչպես նաեւ քաղաքական դաշտի ու
քաղաքացիական հասարակության շատ այլ ներկայացուցիչներ,
վերահաստատելու է մահապատիժը վերացնելու Եվրոպայի պարտավորությունը
եւ համաշխարհային մորատորիումի կոչ է անելու:
Հետեւելով սեպտեմբերի 26-ին ԵԽ-ի Նախարարների կոմիտեի կողմից
ընդունված որոշմանը` Լիսաբոնում պաշտոնապես կհայտարարվի «Ընդդեմ
մահապատժի եվրոպական օր», որը կնշվի ամեն տարվա հոկտեմբերի 10-ին
անդամ երկրներում:
Խորհրդաժողովին Ֆրանսիան հավանաբար կվավերացնի Մարդու
իրավունքների եվրոպական հռչակագրին կից N 13 արձանագրությունը, որը
ցանկացած պարագայում արգելում է մահապատժի կիրառումը: ԵԽ-ն
հորդորում է ստորագրել եւ վավերացնել այս փաստաթուղթը եվրոպական
բոլոր այն պետություններին, որոնք մինչ օրս դա չեն արել:
Մահապատժի վերացմանն ուղղված արշավը կրում է «Մահը
արդարություն չէ» նշանաբանը: Արշավի նպատակն է բարձրացնել հանրային
այն գիտակցությունը, որ պետք է շարունակել մահապատժի վերացման
գործընթացը: