ՀԱՅ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԱՃԻ ՄԻՏՈՒՄ ՈՒՆԻ<br />


ՀԱՅ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԱՃԻ ՄԻՏՈՒՄ ՈՒՆԻ

  • 18-09-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Առեւտրաշրջանառության ծավալներով Բելառուսի գործընկեր նախկին խորհրդային երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է յոթերորդ տեղը: Այս մասին սեպտեմբերի 18-ին հանդիպմանը հայտնեց այցով Հայաստանում գտնվող Բելառուսի Առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Վլադիմիր Բոբրովը: Ըստ նրա, 2007թ.-ի հունվար-հուլիսին հայ-բելառուսական ապրանքաշրջանառության ծավալները կազմել են 15,7 մլն ԱՄՆ դոլար` ամբողջ 2006թ.-ի 21,3 մլն դոլարի դիմաց: Վ.Բոբրովի խոսքերով, Բելառուսի գործարարները հեռանկարային են համարում համագործակցությունը խմիչքների արտադրության, տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտներում: Նա նշեց, որ Հայաստանից Բելառուս են արտահանվում մրգահյութեր, կոնյակ, գինի, ապակե տարաներ, դեղորայք, հանքային ջրեր, իսկ Բելառուսից ներկրվում են սառնարաններ, բեռնատար մեքենաներ, տրակտորներ, ավտոմասեր, տրիկոտաժ, շինանյութ, կահույք եւ այլն: ՀՀ ԱԱՊ-ի նախագահ Մարտին Սարգսյանի խոսքերով, թեպետ տրանսպորտային լուրջ խնդիրները հնարավորություն չեն տալիս իրագործելու մի շարք համատեղ ծրագրեր, այնուամենայնիվ հայ-բելառուսական տնտեսական համագործակցության հրաշալի օրինակներ կան: Նա միաժամանակ հույս հայտնեց, որ նմանօրինակ հանդիպումները կնպաստեն համագործակցության ոլորտների ընդլայնմանը: Նշենք, որ երկու երկրների ԱԱՊ-երի միջեւ համագործակցությունը սկսվել է 2002թ.-ին` համապատասխան համաձայնագրի կնքմամբ: Նշենք նաեւ, որ ըստ պաշտոնական վիճակագրության, 2007թ.-ի առաջին 7 ամիսներին Հայաստանից Բելառուս արտահանման ծավալները կազմել են 1,7 մլն ԱՄՆ դոլար (ամբողջ 2006թ.-ին` 3,8 մլն դոլար), իսկ ներմուծման ծավալները` 14 մլն դոլար (ամբողջ 2006թ.-ին 17,5 մլն դոլար): Առեւտրային հաշվեկշռի բացասական սալդոն 2006թ.-ին կազմել է ավելի քան 13 մլն ԱՄՆ դոլար:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play