ԱՄՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿՈՐՊՈՒՍԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՏՆՕՐԵՆԸ ՀՀ<br /> ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԸ<br />


ԱՄՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿՈՐՊՈՒՍԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՏՆՕՐԵՆԸ ՀՀ
ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԸ

  • 11-09-2007 19:15:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ընդունելով սեպտեմբերի 11-ին ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լի Լեսիին (Lee Lacy), ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը բարձր է գնահատել տասնհինգ տարվա ընթացքում կորպուսի գործունեությունը Հայաստանում: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, այնուհետեւ հյուրի խնդրանքով նախարարը ներկայացրել է Հայաստանում իրականացվող աղքատության կրճատման ծրագրերը: Իր հերթին Լ.Լեսին ներկայացրել է Հայաստանում իրականացվող ծրագրերը, որոնք ներառում են Կապանում ուսուցիչների համար նախատեսված անգլերեն լեզվի դասընթացները, կանաչ ճամբարները, Գեղահովիտում գործող ամերիկագիտության եւ անգլերեն լեզվի դասընթացների կենտրոնի գործունեությունը: Նշելով, որ այսօր Հայաստանի Խաղաղության կորպուսում գրանցված են 87 կամավորներ, Լ.Լեսին մեծ գոհունակություն է հայտնել համայնքներում ստացած աջակցությունից: Տեղեկանք: Լի Լեսին ավարտել է Ջորջիայի պետական համալսարանը, այնուհետեւ` Ստանֆորդ համալսարանը` ստանալով կրթության մագիստրոսի կոչում: 1980թ. աշխատել է Կաթմանդույում ԱՄՆ դեսպանությունում` որպես հանրության հետ կապերի համակարգող: 1990թ. վերադարձել է Խաղաղության կորպուս, սկզբում` որպես հատուկ ծառայությունների գրասենյակի տնօրեն, ավելի ուշ` խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործողությունների ղեկավար: 2002թ. աշխատել է Խաղաղության կորպուսում` որպես օգնության բաժնի ղեկավար: Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Նոյյան տապան  -   Հասարակություն