ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿԱՐԵՎՈՐԵԼ Է ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ<br /> ԿՐԹՈՒԹՅԱՄԲ ՈՐԱԿՅԱԼ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԽՆԴԻՐԸ<br />


ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿԱՐԵՎՈՐԵԼ Է ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ
ԿՐԹՈՒԹՅԱՄԲ ՈՐԱԿՅԱԼ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԽՆԴԻՐԸ

  • 03-09-2007 18:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին Երեւանի Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանում ծանոթացել է ուսման համար ստեղծված նոր պայմաններին, ինչպես նաեւ դեռեւս առկա խնդիրներին, այցելել բուհի վերանորոգված համակարգչային նախագծման ֆակուլտետ: Այնուհետեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի մասնակցությամբ համալսարանի ղեկավարության եւ պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ վարչապետը քննարկել ճարտարապետաշինարարական կրթության զարգացման հարցերը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկմանը մասնակցել են նաեւ Շինարարների եւ Ճարտարապետների միությունների նախագահները: Ս.Սարգսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունը կրթության եւ գիտության բնագավառներում, որոնք ամրագրված են կառավարության գործունեության ծրագրում: Վարչապետը անդրադարձել է նաեւ տնտեսության գերակա ճյուղերում այսօր մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունների գծով բուհերում որակյալ կադրերի պատրաստման խնդիրներին, ավելի հանգամանորեն խոսելով հատկապես տվյալ բուհից պետության ակնկալիքների եւ ըստ այդմ` բուհի առջեւ դրված խնդիրների մասին: Ելնելով այն բանից, որ հանրապետության տնտեսության համախառն ներքին արդյունքում շինարարությունն զգալի տեղ է զբաղեցնում եւ քաղաքաշինական ծրագրերի տարեցտարի ընդլայնվող ծավալներով պայմանավորված ՀՆԱ-ի կառուցվածքում առաջիկա տարիներին եւս շինարարության կշիռը մեծ է լինելու, Ս.Սարգսյանը կարեւորել է բարձրակարգ, որակյալ մասնագետների պատրաստմամբ եղած պահանջարկը բավարարելու խնդիրը: Նա նշել է, որ այսօր հանրապետությունում հատկապես բարձրագույն կրթությամբ այդպիսի մասնագետների մեծ պահանջարկ կա: Վարչապետը հայտնել է է, որ ՀՀ պետական բյուջեում յուրաքանչյուր տարի զգալիորեն ավելացվելու է կրթությանը եւ գիտությանը տրամադրվող ֆինանսավորումը: Միաժամանակ Ս.Սարգսյանը նշել է, որ չափազանց կարեւոր է այդ միջոցների ծախսման արդյունավետության մեծացումը, բարեփոխումների արդյունքում կրթության որակի բարձրացումն ու աշխարհի առաջատար փորձի վրա հիմնված եւ պահանջարկված, տնտեսության մեջ կիրառելի գիտության զարգացման ուղղությամբ աշխատանքը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play