ՏԻԳՐԱՆ ՔՅՈՍԱՅԱՆԸ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ Է ԿԱՆՉՎԵԼ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ ԻՐ
ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ «ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
28-08-2007 17:15:00 | Ռուսաստան | Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայտնի ռեժիսոր Տիգրան
Քյոսայանը հրավիրվել է Մոսկվայի դատախազություն ցուցմունքներ
տալու` ազգամիջյան թշնամանք բորբոքելու կասկածով: Ինչպես հայտնել է
ռեժիսորի փաստաբան Պավել Աստախովը, «գլխավոր դատախազ Յուրի Չայկան
դիմում է ստացել Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Կուրյանովիչից,
որով պահանջվում է քրեական պատասխանատվության ենթարկել Տիգրան
Քյոսայանին» REN-TV ալիքով հեռարձակվող «Երեկո Տիգրան Քյոսայանի
հետ» հեռուստածրագրի եթերում ռեժիսորի արտահայտությունների
առնչությամբ, հաղորդում է «Էխո Մոսկվին»:
Պատգամավորի պնդմամբ` հունիսյան հաղորդումներից մեկի ժամանակ
Քյոսայանը «ռուս ազգության անձանց նկատմամբ բռնի գործողությունների
եւ նրանց քարածեծ անելու կոչեր է արել», հաղորդում 1 «Ինտերֆաքսը»:
Ինչպես հայտնել է Աստախովը, Քյոսայանը, եթերում իր մանկության
մասին պատմելիս, դեպք է հիշել, «երբ բակում իրեն նեղացրել են,
ազգությունը նշելով եւ նվաստացնելով»: «Իր հայրը` Էդմոնդ Քյոսայանը
ասել է. «Եթե նա քեզնից բարձրահասակ է եւ խոշոր, քարը վերցրու եւ
գլխին տուր»,- նկատել է փաստաբանը:- Տիգրանը միեւնույն ժամանակ ասել
է, որ երբեք այդպես չի վարվել եւ չի վարվելու: Պատգամավորին թվացել
է, որ նա ռասայական ազգային թշնամանքի կոչ է արել, «ռուսներին
քարով խփելու» կոչ:
Ցուցմունքներ տալուց հետո «որոշում կընդունվի, քրեական գործ
հարուցել թե ոչ», պարզաբանել է Աստախովը: Նա ավելացրել է, որ արդեն
«հարցաքննվել են հեռուստաալիքի ներկայացուցիչները», որի եթերում
հեռարձակվում է Քյոսայանի հաղորդումը, ինչպես եւ այն
«պրոդյուսերական ընկերության աշխատակիցները, որը թողարկում է այդ
ծրագիրը»: