ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԹԻՎԸ ՄԻ ՔԱՆԻ<br /> ՏԱՍՆՅԱԿՈՎ ՆՎԱԶԵԼ Է<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԹԻՎԸ ՄԻ ՔԱՆԻ
ՏԱՍՆՅԱԿՈՎ ՆՎԱԶԵԼ Է

  • 22-08-2007 16:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի քաղաքացիների կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանին ուղղված դիմումները մի քանի տասնյակով նվազել են: Այս մասին օգոստոսի 22-ին Երեւանում անցկացվող «Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի դրույթների կիրառումը իրավապահ մարմինների գործունեության ընթացքում» թեմայով սեմինարի ժամանակ նշեց Եվրոդատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանի: Այդ նվազումը, նրա ենթադրությամբ, հետեւանք է այն բանի, որ օբյեկտիվ պատճառներով դիմումների քննությունը դատարանում 2-3 տարով ձգձգվում է: Նշվեց, որ Հայաստանից ուղարկված եւ դեռեւս վերջնական ընթացք չստացած դիմումների թիվը չի անցնում 200-ից: Իսկ ընդհանուր առմամբ, ըստ Ա.Գյուլումյանի, ներկայումս դատարանում կան մոտ 90 հազար չքննված գործեր: Նշվեց, որ 2003թ.-ից հետո Հայաստանից Եվրոպական դատարան ներկայացված դիմումների առաջին խմբում մեծ թիվ էին կազմում հանրահավաքներին, խաղաղ ցույցերին մասնակցելու իրավունքի խախտումներին, արդար դատաքննության իրավունքի խախտումներին վերաբերող գործերը: Փոքր թիվ են կազմում դատարանի պրակտիկայում ոչ հաճախ հանդիպող մամուլի ազատության խախտմանը վերաբերող դիմումները, այդ թվում ստացված «Մելտեքս», «Նոյյան Տապան» ՍՊԸ-ների կողմից: Ըստ Եվրոդատարանի դատավոր Էգրեր Մայերի, երկրների այն տասնյակը, որտեղից դատարանը ստացել է դիմումների 79 տոկոսը, գլխավորում է Ռուսաստանը. նրա դեմ ներկայացված դիմումները կազմում են դիմումների ընդհանուր թվի 21 տոկոսը: Իսկ միայն անցած տարի այդ երկրի դեմ ներկայացվել է 10 հազար դիմում: Թուրքիայի դեմ ներկայացված դիմումները կազմում են ընդհանուրի 10 տոկոսը: Երկրների տասնյակի մեջ են մտնում նաեւ Ուկրաինան, Լեհաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Չեխիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան եւ Բուլղարիան: Նշվեց նաեւ, որ Եվրոդատարան ներկայացված մոտ 50 հազար դիմումները անհատների կողմից ներկայացված դիմումներ են. բացառություն է կազմում Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի դիմումը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play