ԱՄՆ-Ն ՈՒԺԵՂԱՑՆՈՒՄ Է ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԳԱՂԹԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ
13-08-2007 18:18:00 | ԱՄՆ | Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Քրեական հետապնդում եւ
մեծ չափերի տուգանքներ են սպասվում ամերիկյան այն
կազմակերպություններին, որոնք աշխատանքով կապահովեն անօրինական
ներգաղթյալներին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի
վարչակազմը:
Ըստ գործող նոր կանոնների, գործատուներին տրամադրվելու է 90
օր` իրենց աշխատողների` ԱՄՆ-ում գրանցման օրինականությունը
ապացուցելու կամ նրանց աշխատանքից ազատելու համար: Հակառակ դեպքում
գործատուները յուրաքանչյուր խախտման համար կտուգանվեն մինչեւ 12,5
հազար ԱՄՆ դոլարի չափով: Չի բացառվում, որ նրանք ենթարկվեն նաեւ
քրեական պատասխանատվության:
Նշվում է, որ այս նոր կանոնները կարող են բացասական
ազդեցություն ունենալ Միացյալ Նահանգների գյուղատնտեսության,
շինարարության, ինչպես նաեւ սպասարկման ոլորտի վրա, քանի որ
տնտեսության այս ճյուղերում հիմնականում աշխատում են անօրինական
ներգաղթյալները:
ԱՄՆ-ի առեւտրի նախարար Կառլոս Գուտերեսը նշելով, թե երկիրը
կարող է լուրջ խնդիրներ ունենալ աշխատուժի հետ կապված, ընդգծել է,
որ նման նախաձեռնությունները չեն կարող վերջ դնել անօրինական
ներգաղթին. «Աշխատողների քանակը չի բավականացնի, որպեսզի պետության
տնտեսությունը շարունակի տարեցտարի զարագանալ: Կոնգրեսը վաղ թե ուշ
կընդունի սպառիչ օրենք ներգաղթի վերաբերյալ»,- հայտարարել է ԱՄՆ-ի
առեւտրի նախարարը:
Նշենք, որ ամիսներ առաջ նախագահ Ջորջ Բուշը առաջարկել էր
ԱՄՆ-ում բնակվող 12 մլն ներգաղթյալների կարգավիճակը
օրինականացնելու վերաբերյալ մի օրնագիծ: Սենատորները, սակայն, դեմ
էին քվեարկել օրինագծի ընդունմանը: