ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏԱՆ ՈՒՂԵԳՐԵՐԸ ԿՏՐԱՄԱԴՐՎԵՆ ԱՆՎՃԱՐ
14-06-2007 18:30:00 | Հայաստան | Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարության հունիսի
14-ի նիստում ընդունվել է կառավարության 2000թ.-ի նոյեմբերի 27-ի
թիվ 778 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին որոշում: Ինչպես
նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀ Պաշտպանության նախարարության
Զինծառայողների սոցիալական հարցերի պաշտպանության վարչության պետ
Սուրեն Հարությունյանը, ըստ այդ որոշման հաշմանդամ դարձած կամ
զոհված զինծառայողների ընտանիքներին կտրամադրվի սոցիալական
միանվագ` մինչեւ 100 հազար դրամի (մոտ 285 ԱՄՆ դոլար) չափով,
աջակցություն: Գումարը տրամադրվում է հաշվի առնելով դիմումատուի
սոցիալական վիճակը: Այդ գումարը նախատեսված է օգտագործել, օրինակ,
ջրի, էլէներգիայի վարձավճարների, բնակարանների անհապաղ
վերանորոգման նպատակով եւ այլն: Նշվեց, որ 2006թ.-ին օգնություն
ստանալու համար նախարարությունը ստացել է 6000 հազար դիմումներ:
Ս.Հարությունյանը հայտնեց, որ փոփոխություններ են կատարվել
«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական
ապահովության մասին» ՀՀ օրենքի 30-րդ եւ 32-րդ հոդվածներում: Ըստ
այդմ, զինծառայողը կարող է հանգստյան տան ուղեգիրը ստանալ անվճար,
իսկ նրա ընտանիքի անդամը` 50% զեղչով: