«Ոսկե ծիրան» միջազգային չորրոդ կինոփառատոնը կմեկնարկի<br /> «Արտույտների ագարակը» ֆիլմով<br />


«Ոսկե ծիրան» միջազգային չորրոդ կինոփառատոնը կմեկնարկի
«Արտույտների ագարակը» ֆիլմով

  • 08-06-2007 19:45:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Այս տարի «Ոսկե ծիրան - 2007» միջազգային չորրորդ կինոփառատոնը կբացվի աշխարհահռչակ Պաոլո եւ Վիտտորիո Տավիանիների «Արտույտների ագարակը» ֆիլմով, ինչի կապակցությամբ Երեւան կժամանեն սցենարի հեղինակ, իտալահայ Անտոնիա Արսլանը, դերասաններ Չեքի Կարիոն, Արսինե Խանջյանը: Այս մասին հունիսի 8-ին մամլո ասուլիսում հայտարարեց փառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանը: Նրա խոսքերով, մինչեւ փառատոնի պաշտոնական բացման արարողությունը, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կկատարվի նաեւ ավանդական Ծիրանօրհնեքի արարողությունը: Այս տարի փառատոնին մասնակցության հայտ է ներկայցվել 53 երկրների կինոբեմադրիչների շուրջ 320 ֆիլմ: Հ.Խաչատրյանը նշեց, որ իրենք աշխատել են ծրագրերում ընդգրկել անվանի կինոռեժիսորների նորագույն ֆիլմերը: «Նոր ֆիլմեր չենք հայտնաբերում, այլ բերում ենք Կաննի, ուրիշ կինոփառատոնների մասնակցած ֆիլմեր, որոնք կոմերցիոն ճանապարհով Հայաստան գալ չեն կարող»,- ասաց Հ.Խաչատրյանը: Այս տարի փառատոնը կունենա երկու` միջազգային խաղարկային եւ վավերագրական կինոյի եւ «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրերը: Այս տարի «Հայկական համայնապատկեր» ծրագրի ֆիլմերի ընտրության իրավունքը վերապահվել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությանը. կինոգործիչները ներկայացված 62 ֆիլմերից ընտրել են 22-ը: Այս մրցութային ծրագրում ներառված ֆիլմերը կգնահատի Վիգեն Չալդրանյանի գլխավորած ժյուրին: Փառատոնի շրջանակներում կանցկացվի նաեւ «Նոր հայկական կինո» արտամրցութային ծրագիրը: Մեկ շաբաթվա ընթացքում այս ծրագրում ներկայացված ֆիլմերին (Վ.Չալդրանյան «Քրմուհին», Արտակ Սեւադա «Որպես սկիզբ», Արամ Շահբազյան «Մի վախեցիր» եւ այլն) ծանոթանալու հնարավորություն կունենան արտերկրի ֆիլմարտադրողները: Փառատոնի գլխավոր կազմակերպիչը հայտնեց նաեւ, որ կինոփառատոնը պետբյուջեից ֆինանսավորվել է անցյալ տարվա չափով` 50 մլն դրամ: Գումարային բոլոր հոսքերը միասին, ըստ Հարություն Խաչատրյանի, «դեռ 10 անգամ պետք է բազմապատկվեն, որ կազմեն արտասահմանյան միջին փառատոնի միջին բյուջեն»:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play