ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՄՆ-ԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՄԻԱՍԻՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԳԱԲԱԼԱՅԻ<br /> ՌՏԿ-Ն<br />


ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՄՆ-ԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՄԻԱՍԻՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԳԱԲԱԼԱՅԻ
ՌՏԿ-Ն

  • 08-06-2007 15:20:00   | Գերմանիա  |  Միջազգային
ՀԱՅԼԻԳԵՆԴԱՄ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մեծ ութնյակի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահները: Ջորջ Բուշը եւ Վլադիմիր Պուտինը քննարկել են Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղադրման հետ կապված հարցեր: Հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրեր տեղադրելու մասին ԱՄՆ հայտարարությունները առաջ են բերել Մոսկվայի դժգոհությունը, որը նշում է, թե օբյեկտների տեղակայման վայրերի ընտրությունը չի համապատասխանում հետապնդվող նպատակին` պաշտպանել Եվրոպան Իրանի հնարավոր հարձակումներից: Վլ. Պուտինը Ջորջ Բուշին առաջարկել է միասնաբար օգտագործել Ռուսաստանի կողմից վարձակալված Ադրբեջանում գտնվող Գաբալայի ռադիոտեղորոշման կայանը (ՌՏԿ): Այս առաջարկը Բուշը «հետաքրքիր» է համարել` հաստատելով, որ կողմերը որոշել են հակահրթիռային պաշտպանության համակարգի խնդրի շուրջ ռազմավարական երկխոսություն սկսել` ռազմական կառույցների դիվանագետների մասնակցությամբ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն իր հերթին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է խորհրդակցություններ սկսել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ` Գաբալայի ՌՏԿ-ն միասնաբար օգտագործելու հարցի շուրջ. «Մեր դիրքորոշումն այն է, որ Գաբալայի ՌՏԿ-ն Ադրբեջանի սեփականությունն է, եւ առանց Ադրբեջանի որեւէ գործողություն ճիշտ չէ: Դա ընդունում է ե'ւ ԱՄՆ, ե'ւ Ռուսաստանը»,- հավելել է Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը: Նշենք, որ ադրբեջանական ՌՏԿ-ն Ռուսաստանի կողմից վարձակալվել է 2002թ. 10 տարով: Այն վերահսկում է Իրանի, Թուրքիայի, Չինաստանի, Պակիստանի, Հնդկաստանի եւ Իրաքի տարածքները:
Նոյյան տապան  -   Միջազգային