ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԳ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ<br /> ԴՐԱԿԱՆ ԵՎ ՀԱՋՈՂՎԱԾ Է ՈՐԱԿՈՒՄ <br />


ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԳ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԴՐԱԿԱՆ ԵՎ ՀԱՋՈՂՎԱԾ Է ՈՐԱԿՈՒՄ

  • 07-06-2007 19:45:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Հայոց լեզու, գրականություն» միասնական քննության գործընթացը կարելի է դրական եւ հաջողված որակել. այն կդառնա նոր համակարգի ներդրման հաջող մեկնարկը»,- հունիսի 7-ի ասուլիսում հայտնեց ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Բագրատ Եսայանը` հավելելով, որ հաջորդ տարի եւս մի քանի առարկաների քննություններ կանցկացվեն միասնական: Նա բնական համարեց այն հանգամանքը, որ ոչ բոլորն են գոհ նոր համակարգով անցկացվող քննության ընթացքից: Ըստ Բ.Եսայանի, «դժգոհ են այն դիմորդները, ովքեր չեն հաղթահարել իրենց առջեւ դրված նշաձողը եւ որոշ մասնագետներ, որոնք դուրս են մնացել ընդունելության քննության գործընթացից»: Նրա կարծիքով, այդ մասնագետները դժգոհ են, քանի որ նախկին համակարգը իրենց մեծ ֆինանսական եկամուտների հնարավորություն էր ընձեռում: ԿԳ փոխնախարարը հավաստիացրեց, որ նոր համակարգով բոլոր դիմորդների համար ստեղծվել են հավասար պայմաններ: «Եթե թեստում որեւէ բացթողում կամ թյուրիմացություն է եղել, ապա դա կուղղվի հօգուտ բոլորի, ոչ թե միայն` բողոքարկողի»,- ասաց Բ.Եսայանը: Բ.Եսայանի տեղեկացմամբ, քննությունների ամբողջ ընթացքը տեսագրված է եւ ծնողները, խախտումների վերաբերյալ շշուկներ տարածելու փոխարեն, կարող են կոնկերտ փաստերով ներկայանալ նախարարություն: Նա նշեց, որ տեսախցիկներ չեն տեղադրվել 170 քննական սենյակններից 70-ում, ուր ԿԳ նախարարի հրամանով խստացվել է քննական վերահսկողությունը: «Նկարահանող տեխնիկայով ապահովվել են այն կենտրոնները, որոնք համարվել են առավել ռիսկային, իսկ մնացած վայրերում քննությունն անց է կացվել դիտորդների ներկայությամբ»,- նշեց Բ.Եսայանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն