ՄԱԴԵՅՐԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՆԱՏՕ-Ի ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ<br /> ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ<br />


ՄԱԴԵՅՐԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՆԱՏՕ-Ի ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ
ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ

  • 04-06-2007 19:45:00   | Պորտուգալիա  |  Հասարակություն
ՄԱԴԵՅՐԱ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 25-28-ը Մադեյրայում (Պորտուգալիա) կայացել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը: ԽՎ Գլխավոր քարտուղար Ս. Լանի հրավերով, նստաշրջանին որպես դիտորդ մասնակցել է ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Ս.Մկրտչյանը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, նստաշրջանին առանցքային ելույթներով հանդես են եկել ԽՎ նախագահ Խոսե Լելլոն, Պորտուգալիայի խորհրդարանի փոխնախագահ Գիլլերմե Սիլվան, ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը, Պորտուգալիայի արտգործնախարար Լուիս Ամադոն, Մակեդոնիայի վարչապետ Նիկոլա Գրուեւսկին եւ Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն: Հինգ կոմիտեներում` Քաղաքական, Պաշտպանության եւ անվտանգության, Տնտեսության եւ անվտանգության, Գիտության եւ տեխնոլոգիայի, Անվտանգության քաղաքացիական չափման, քննարկման հիմնական թեմաներն էին Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գործողությունը, Ռուսաստանի ներքին զարգացումները եւ արտաքին քաղաքական մոտեցումները, Կոսովոյի հիմնախնդրի կարգավորումը, ՆԱՏՕ-ԵՄ գործառնական համագործակցությունը, հակահրթիռային պաշտպանության համակարգերը, կլիմայական փոփոխությունները, Վրաստանի տնտեսական եւ քաղաքական վերափոխումը եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները, պետության եւ կրոնի փոխհարաբերությունները Սեւծովյան տարածաշրջանում: ԽՎ նախագահն այս նստաշրջանում, թերեւս առաջին անգամ, հստակորեն հայտարարեց ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգ մշակելու անհրաժեշտության մասին: Մյուս կարեւորագույն խնդիրը, որը պետք է ուշադրության կենտրոնում լինի, Դաշինքի աշխարհագրական ընդգրկումն է` անդամության եւ գործընկերության առումներով, ինչպես նաեւ առավել արդյունավետ համագործակցությունը ՄԱԿ-ի եւ ԵՄ-ի հետ: Նստաշրջանի բացասական դրսեւորումներից էր դիրքորոշումների սուր հակադրությունը Ռուսաստանի եւ Դաշինքի անդամ պետությունների միջեւ: Դա արտահայտվում էր Վրաստանին միանշանակ աջակցության առումով, Կոսովոյի հիմնախնդրի կարգավորման, Լեհաստանում եւ Չեխիայում ամերիկյան հակահրթիռային համակարգի տեղակայման հարցերում: Նիդեռլանդացի պատգամավոր Բերտ Միդդելի «Պետությունը եւ կրոնը Սեւծովյան տարածաշրջանում» զեկույցի նախագծի համապատասխան բաժինը ներկայացնում էր Հայաստանում տիրող իրավիճակը: Զեկույցի հեղինակը արդարացիորեն եզրահանգում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ի սկզբանե կրոնական հիմք չի ունեցել: Ադրբեջանական պատվիրակությունը ակտիվ կերպով փորձում էր ապացուցել հակառակը: Այս զեկույցը կրկին պետք է քննարկվի հոկտեմբերին Ռեյկյավիկում կայանալիք ԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում:
Նոյյան տապան  -   Հասարակություն