ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՏԱՐԵՑ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆ 116 ՏԱՐԵԿԱՆ Է<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՏԱՐԵՑ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆ 116 ՏԱՐԵԿԱՆ Է

  • 22-05-2007 16:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում հաշվառվել են 4671 նոր կենսաթոշակառուներ, իսկ 2006թ.-ին` շուրջ 16 հազար: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ՀՀ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի Սոցիալական ապահովության եւ առանձին ծրագրերի վարչության պետ Աշոտ Աբրահամյանը, վերջին հինգ տարիներին նոր կենսաթոշակառուների թիվը մոտ 5-6 հազարով պակաս է եղել: Ըստ նրա, դա պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ տարիներին կենսաթոշակ է նշանակվել 1941-1946թ.-ին ծնվածներին, իսկ այդ տարիներին հանրապետությունում արձանագրվել է ծնելիության ցածր մակարդակ: Ա.Աբրահամյանի կանխատեսմամբ, 2009թ.-ից կենսաթոշակառուների թիվը տարեկան կտրվածքով կավելանա եւս 4-5 հազարով: Վարչության պետը նշեց, որ ապրիլի 1-ի դրությամբ հանրապետությունում կենսաթոշակ է ստանում 525 643 մարդ: Նրանցից 209 307-ը տղամարդիկ են, իսկ 316 336-ը` կանայք: Ի դեպ, կենսաթոշակառուներից ամենատարեցը` Արագածոտնի մարզի Օրթաճյա գյուղի բնակչուհի Հուբե Ալոյանը, 116 տարեկան է: Ըստ Ա.Աբրահամյանի, Հայաստանում կենսաթոշակի անցնելու տարիքային շեմը չի նախատեսվում իջեցնել: 2007թ.-ին տղամարդիկ կենսաթոշակի են անցնում 63, իսկ կանայք` 61 տարեկանից: Կանանց կենսաթոշակի տարիքային շեմը ամեն տարի կես տարով ավելանում է, ինչի արդյունքում 2011թ.-ից եւ կանայք, եւ տղամարդիկ կենսաթոշակի կանցնեն 63 տարեկանից: Համեմատության համար նշվեց, որ, օրինակ, Ռուսաստանում կանայք կենսաթոշակ են ստանում 55, իսկ տղամարդիկ` 60 տարեկանից:
Նոյյան տապան  -   Հասարակություն