ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՏԱՐԵՑ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆ 116 ՏԱՐԵԿԱՆ Է<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՏԱՐԵՑ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆ 116 ՏԱՐԵԿԱՆ Է

  • 22-05-2007 16:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Այս տարուայ առաջին եռամսյակում Հայաստանում հաշուառուել են 4671 նոր կենսաթոշակառուներ, իսկ 2006թ.-ին` շուրջ 16 հազար: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց ՀՀ Սոցիալական ապահովագրութեան պետական հիմնադրամի Սոցիալական ապահովութեան եւ առանձին ծրագրերի վարչութեան պետ Աշոտ Աբրահամեանը, վերջին հինգ տարիներին նոր կենսաթոշակառուների թիւը մօտ 5-6 հազարով պակաս է եղել: Ըստ նրա, դա պայմանաւորուած է այն հանգամանքով, որ այդ տարիներին կենսաթոշակ է նշանակուել 1941-1946թ.-ին ծնվածներին, իսկ այդ տարիներին հանրապետութիւնում արձանագրուել է ծնելիութեան ցածր մակարդակ: Ա.Աբրահամեանի կանխատեսմամբ, 2009թ.-ից կենսաթոշակառուների թիւը տարեկան կտրուածքով կաւելանա եւս 4-5 հազարով: Վարչութեան պետը նշեց, որ ապրիլի 1-ի դրութեամբ հանրապետութիւնում կենսաթոշակ է ստանում 525 643 մարդ: Նրանցից 209 307-ը տղամարդիկ են, իսկ 316 336-ը` կանայք: Ի դէեպ, կենսաթոշակառուներից ամենատարեցը` Արագածոտնի մարզի Օրթաճյա գիւղի բնակչուհի Հուբե Ալոյեանը, 116 տարեկան է: Ըստ Ա.Աբրահամեանի, Հայաստանում կենսաթոշակի անցնելու տարիքային շեմը չի նախատեսւում իջեցնել: 2007թ.-ին տղամարդիկ կենսաթոշակի են անցնում 63, իսկ կանայք` 61 տարեկանից: Կանանց կենսաթոշակի տարիքային շեմը ամէն տարի կէս տարով աւելանում է, ինչի արդիւնքում 2011թ.-ից եւ կանայք, եւ տղամարդիկ կենսաթոշակի կանցնեն 63 տարեկանից: Համեմատութեան համար նշուեց, որ, օրինակ, Ռուսաստանում կանայք կենսաթոշակ են ստանում 55, իսկ տղամարդիկ` 60 տարեկանից:
  -   Հասարակութիւն