ՍՅՈՒՆԻՔ ԵՎ ԳԵՂԱՆՈՒՇ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻ<br /> ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿՈՒՄ Է ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ<br />


ՍՅՈՒՆԻՔ ԵՎ ԳԵՂԱՆՈՒՇ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻ
ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿՈՒՄ Է ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ

  • 18-05-2007 18:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԿԱՊԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մի քանի օր է, ինչ Կապանի տարածաշրջանի Սյունիք ու Գեղանուշ գյուղերում անասունների, հատկապես խոզերի անկում է արձանագրվում: Սյունիք գյուղի բնակիչ Արշավիր Արշակյանի տնտեսությունում միայն վերջին 1 ամսվա ընթացքում 120 խոզերից 85-ը սատկել են: «Երբ նկատեցինք, անասնաբույժի դիմեցինք, ասացին` բրուցելյոզ է: Դեղ տվեցին, բայց մենք կասկածում էինք, որ դաբաղ է, քանի որ անասունների կճղակներն էին դուրս եկել, նաեւ բերանների շրջակայքում փրփուր կար»,- ասաց Ա.Արշակյանը: Սյունիքի գյուղապետ Սամվել Սարգսյանը «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ թեեւ պետպատվերի շրջանակներում անասունները պատվաստվում են, սակայն այդ ծրագրով խոզերի պատվաստումը նախատեսված չէ: Ըստ Սյունիքի մարզի գլխավոր անասնաբույժ Էդգար Թոխսանցի, դեռեւս միանշանակ չի կարելի ասել, որ անասունները դաբաղով են հիվանդ: «Վետերինար հետազոտումները այժմ իրականացվում են հանրապետական լաբորատորիայում: Միայն մի քանի օրից պարզ կլինի իրավիճակը»,- ասաց Է. Թոխսանցը` ավելացնելով, որ մեծ խմբաքանակով հատուկ պատվաստանյութ է ստացվել եւ մայիսի 18-ից սկսած կասկածելի օջախ հանդիսացող համայնքների բոլոր անասուններին ներարկվելու է պատվաստանյութը: Նշենք, որ ուժեղացվել է հսկողությունը մսի վաճառքի կետերի նկատմամբ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play